Լուրեր
Թաիրովի դպրոցի տնօրենն ու Առաքել Մովսիսյանը (Շմայս) պատասխանատվության կենթարկվեն
  • 19:00
  • 2017-03-20
  • Դիտումներ՝ *

Նախընտրական քարոզարշավի այս փուլում ամենաշատ զգուշացումները թերևս ստացել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում առաջադրված Առաքել Մովսիսյանը (Շմայս): Նա նախ՝ հրապարակավ Ծաղկալանջ համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոստանում է գյուղի փողոցները ասֆալտապատել, եթե «սաղ» գյուղը ընտրությունների ժամանակ իրեն ձայն տա։ Առաքել Մովսիսյանը հենց գյուղացիների ներկայությամբ զանգահարում հանձնարարականներ է տալիս արդեն իսկ կողքի գյուղում իր հրահանգով ասֆալտապատման աշխատանքներ սկսած մարդկանց։ Նշենք, որ քարոզարշավի ընթացքում թեկնածուների կողմից նման ծառայություններ մատուցելը, խոստանալը ԸՕ-ի խախտում է։

Բացի այդ, ուրբաթ օրը Առաքել Մովսիսյանը հանդիպում էր կազմակերպել Թաիրովի անվան միջնակարգ դպրոցում աշակերտների ծնողների և ուսուցչական կազմի հետ։ Նշենք, սակայն, որ ԸՕ-ն հստակ սահմանում է, որ քարոզչությունը կրթական հաստատություններում արգելված է։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ծաղկալանջ համայնքում ընտրողներին ասֆալտապատման խոստումներ տալու համար Առաքել Մովսիսյանին խիստ նկատողություն է հայտարարվել և նախազգուշացվել է հետագայում այդպիսի խախտումներ թույլ չտալ։ Նշենք, սակայն, որ ՀՀԿ թեկնածուի թույլ տված խախտման համար ԸՕ-ով սահմանվում է ընդհուպ գրանցումն անվավեր ճանաչելը։ Սակայն Մուկուչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԿԸՀ-ն քննարկել է և որոշել է կիրառել խիստ նկատողություն։

Ինչ վերաբերում Թաիրովի միջնակարգ դպրոցում քարոզչություն իրականացնելուն, ապա Մուկուչյանն ասաց, որ դեպքից անմիջապես հետո իրենք կապ են հաստատել Արմավիրի մարզպետարանի հետ, ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախընտրական հանդիպումները կարող են կազմակերպվել բացառապես նախապես հայտարարված դահլիճներում։ «Մենք հորդորեցինք ուսումնասիրել հարցը, որ եթե պարզվի՝ թույլ է տրվել խախտում, մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Արձագանքները եղել են անմիջապես, պարզվել է, որ դպրոցի տնօրենը թույլ է տվել, որ դպրոցի շենքում հանդիպում կազմակերպվի։ Երբ հանգամանքները լիարժեք պարզվեն, դպրոցի տնօրենը կենթարկվի համապատասխան պատասխանատվության»,- ասաց ԿԸՀ նախագահը։

Մեր դիտարկմանը, թե թեկնածուն տվյալ դեպքում պատասխանատվության չի՞ ենթարկվելու, ԿԸՀ նախագահն ասաց՝ «բնականաբար։ Մենք այդ կապակցությամբ իրազեկել ենք թե՛ կուսակցության լիազոր ներկայացուցիչներին, թե՛ մարզպետարանին։ Բնականաբար, կուսակցության լիազոր ներկայացուցիչները հարցը կուսումնասիրեն»։

Ինչ վերաբերում է առհասարակ քարոզարշավի ընթացքին և թույլ տրված հիմնական խախտումենրին, ապա Մուկուչյանն ասաց, որ հիմնական խախտումները կապված են քարոզչական պաստառները չթույլատրված տեղերում փակցնելու, չթույլատրված չափերով քարոզչական պաստառներ փակցնելու հետ։ «Բոլոր դեպքերում էլ արձագանքը եղել է շատ արագ, անմիջապես ձեռնարկվել են միջոցառումներ խախտումները վերացնելու և կուսակցությունների ուշադրությունը այդ խախտումների վրա հրավիրելու ուղղությամբ, որպեսզի նորից չկրկնվեն։ Քարոզչությունը թերևս ընթանում է իր բնականոն ընթացքով»,- ասաց Տիգրան Մուկուչյանը։

  • Դիտումներ՝ *