Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը կոչնչացվեն, եթե կրկին փորձեն խանգարել իսրայելական ինքնաթիռներին ոչնչացնել սպառազինությունը, որը նախատեսված է «Հըզբոլլահի» գրոհայինների համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը՝ փոխանցում է IzRus.co.il-ը։
«Այդ հարցում մենք փոխզիջումների չենք գնա։ Եթե կա Իսրայել պետությանն ուղղված սպառնալիք, մենք հարված կհասցնենք։ Եվ եթե սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը կրկին կրակ բացեն մեր ինքնաթիռների վրա, ապա մենք ստիպված կլինենք ոչնչացնել դրանք»,-հայտարարել է Լիբերմանը։
Նրա խոսքով՝ Իսրայելը չի մասնակցում Սիրիայի քաղաքացիական պատերազմին, և չի ձգտում հարևան երկրների հետ հարաբերություններում էսկալացիայի։ Սիրիական տարածքին հարվածներ հասցվում են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ ասել է նա։