Մյունխենի դատախազությունը Audi-ի գործով խուզարկություն է կատարել Volkswagen կոնցեռնի ղեկավար Մատիաս Մյուլլերի գրասենյակում և մի շարք փաստաթղթեր է բռնագրավել: Այս մասին հայտնում է Bild am Sonntag տաբլոիդը՝ հղում անելով ավտոհսկայի ներկայացուցչին:
Օպերատիվ գործողություններն իրականացվել են մարտի 15-ին Ինգոլշտադտում և Նեկարսուլմում (Բավարիա և Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողեր) Audi-ի գրասենյակներում, նաև մասնավոր բնակարաններում:
Audi-ի գործով հետաքննություն վարվում է ամերիկյան շուկայում 2009-2015 թթ. մոտ 80 000 ավտոմեքենայի վաճառքի փաստով, որոնք ունեցել են Audi AG-ի մշակած 6-լիտրանոց V6 շարժիչ: Դատախազության տվյալներով՝ կասկածներ կան, որ այդ մեքենաներն ունեցել են արտանետումները կեղծող տեխնիկական սարքեր՝ համապատասխանելու համար ամերիկյան չափանիշերին, իսկ գնորդներն այդ մասին չեն տեղեկացվել:
Volkswagen ավտոկոնցեռնը, որի մաս է նաև Audi-ն, 2015 թ. սեպտեմբերին ԱՄՆ-ում մեղադրվել էր իր դիզելային ավտոմեքենաները ծրագրային ապահովմամբ սարքավորելու համար, որը նվազեցնում էր վնասակար նյութերի արտանետումների իրական քանակը: