Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի հնդիկ անվանակիցը, ով 2 տարի չի կարողանում աշխատանք գտնել, դատարան է դիմել անունը փոխելու համար: Այս մասին գրում է Hindustan Times պարբերականը:
Սադամ Հուսեյնը Իրաքում իշխել է 1979 թվականից, իշխանությունից հեռացվել 2003թ. ապրիլին ամերիկյան ներխուժման հետևանքով: 2006թ. նա մեղավոր է ճանաչվել մարդկության դեմ հանցագործությունների համար և կախվելու միջոցով մահապատժի ենթարկվել 2006թ. դեկտեմբերի 30-ին:
«Մարդիկ վախենում են վարձել ինձ»,- մեջբերում է թերթը Հուսեյնի խսքերը: Նրա խոսքով՝ ինքը «ուրիշների հանցագործությունների անմեղ զոհն է»: Հուսեյնը նշում է, որ աշխատանքի հարցում 40 մերժում է ստացել անդրազգային նավային ընկերություններից:
Հուսեյնի խոսքով՝ ինքը երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ մերժման պատճառը: «Հետո ես խոսեցի ընկերությունների կադրերի բաժինների հետ, և նրանցից ոմանք պատասխանեցին, որ խնդիրն իմ անունն է»,- ասում է հնդիկը:
Պարբերականը գրում է, որ հնդիկը փոխել է անունը Սաջիդի և ստացել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ անձնագիր, ընտրողի քարտ և վարորդական իրավունք: Սակայն համալսարանը հրաժարվել է փոխել նրա անունը դիպլոմում, մինչև այն 10-րդ և 12-րդ դասարաններն ավարտելու արտոնագրերում չփոխեն:
Հուսեյնը դիմել է Միջնակարգ կրթության կենտրոնական մարմնին՝ խնդրելով փոխել անունը արտոնագրերում, բայց գերատեսչությունը մինչև հիմա չի պատասխանել: Դրա հետ կապված՝ նա դիմել է նաև Ջարքհանդ նահանգի բարձրագույն դատարան: Գործով լսումները նշանակված են 2017 թ. մայիսի 5-ին: