ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Աֆղաստանի աջակցության առաքելության մանդատը երկարացրել է մեկ տարով՝ մինչև 2018 թվականի մարտի 17-ը։ Բանաձևն ընդունվել է ուրբաթ՝ հայտնում է RIA Novosti-ն։
Բանաձևում, որը հեղինակել է Ճապոնիայի պատվիրակությունը, ԱԽ-ն լուրջ անհանգստություն է արտահայտել Աֆղանստանում ԴԱԻՇ-ի հետ կապված խմբերի ներկայության և պոտենցիալ ուժեղացման առնչությամբ, որոնք լուրջ սպառնալիք են ստեղծում Աֆղանստանի և տարածաշրջանի երկրների անվտանգության համար։
Աֆղանստանի աջակցության ՄԱԿ-ի առաքելությունը (UNAMA) ձևավորվել է 2002 թվականի մարտի 28-ին։
Առաքելության տվյալներով՝ խաղաղ բնակիչների թիվը, ովքեր զոհվել և տուժել են Աֆղաստանում ահաբեկիչների գործողություններից և զինված ընդհարումների արդյունքում, 2016 թվականին հասել է ռեկորդային ցուցանիշի՝ մոտ 11.5 հազարի (3.5 հազար զոհ և 7.9 հազար վիրավոր)։