Ռուսաստանը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել որպես միջնորդ տարծաշրջանային հակամարտությունները կարգավորելու համար: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին:
«Հայաստանի հետ մեզ կապում են բարեկամական և փոխըմբռնման կապեր: Նախօրեին Սերժ Ազատի Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանը և Հայաստանը՝ որպես դաշնակիցներ, հուսալի կերպով աջակցում են միմյանց և համատեղ առաջ են մղում եվրասիական ինտեգրման գործընթացները:
Մեր երկրների միջև հաջողությամբ զարգանում է փոխգործակցությունը էկոնոմիկայում, առևտրում, ներդրումներում, ռազմատեխնիկական ոլորտում: Ընդլայնվում են շփումները զբոսաշրջության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում: Ռուսաստանը պատրաստ է որպես միջնորդ առավելագույն ջանքեր գործադրել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար»,-ասել է Պուտինը՝ օտար պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:
.