Մոսկվայում ձերբակալվել է Regnum տեղեկատվական գործակալության ավագ խմբագիր Յուրի Բարանչիկը. այժմ քննարկվում է նրան Բելառուս արտահանձնելու հարցը: Բելառուսի քննչական կոմիտեն ևս հաստատել է Բարանչիկի ձերբակալության մասին տեղեկատվությունը:
«Այսօր մայրաքաղաքի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Բելառուսի քաղաքացու, որը գտնվում է միջազգային հետախուզման մեջ՝ Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների նախաձեռնությամբ: Ներկայում քննարկվում է նրան հետախուզում հայտարարած կողմին հանձնելու հարցը»,-ասվում է ՌԴ ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Gazeta-ն:
Regnum-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը հաստատել է Բարանչիկի ձերբակալության փաստը:
Ավելի վաղ Բելառուսի քննչական կոմիտեն քրեական գործեր էր հարուցել Regnum, Lenta, Eurasia Daily ռուսական երեք տեղեկատվական ռեսուրսների հեղինակների դեմ, որոնց մեղադրում է «ռասսայական, ազգային կամ կրոնական թշնամանք» սերմանելու համար: Լրագրողներ Սերգեյ Շիպտենկոն, Յուրի Պավլովեցը և Դմիտրի Ալիմկինն արդեն ձերբակալվել են: