Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մգեբրիշվիլին Բաթումի հանգստավայրային քաղաքում տեղի ունեցած անկարգությունները համարում է սադրանք, հայտնում է RIA Novosti-ն:
Շաբաթ օրը մոտ հազար մարդ հավաքվել են Աջարիայի ներքին գործերի Գլխավոր վարչության շենքի մոտ`պարեկային ոստիկանության նոր պետ Մալխազ Բատիաշվիլու հրաժարականի պահանջով:
Ցուցարարները հայտարարել են, որ նրա նշանակումից հետո ոստիկանությունն սկսել է անհիմն սահմանել մեծ տուգանքներ: Ցույցը վերածվել է անկարգությունների, որոնք շարունակվել են մինչև առավոտ: Կոտրվել են խանութների ցուցափեղկեր և բնակելի տների պատուհաններ, վնասվել են փողոցային լուսավորության համակարգեր, զբոսայգիների ենթակառուցվածքներ, ինչպես նաև այրվել է 10 ավտոմեքենա, որոնց մի մասը պատկանել է ոստիկանությանը:
ՆԳՆ տվյալներով` բռնել են 40 մարդու, որոնցից 7-ը ձերբակալվել է: Ներկայումս Բաթումիում իրավիճակը հանգիստ է:
«Դա մաքուր սադրանք էր։ Ես կարող եմ անձամբ երաշխավորել, որ կրքերը կհանդարտվեն ոչ միայն Աջարիայում, այլ նաև ամբողջ Վրաստանում»,- հայտարարել է Մգեբրիաշվիլին լրագրողներին: