Պաշտոնական Թեհրանը հորդորել է իր երկրի քաղաքացիներին խուսափել ցամաքային ճանապարհով Թուրքիա այցելելուց և փոխարենն ընտրել օդային ճանապարհները: Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken գործակալությունը:
Թուրքիայի և Իրանի միջև ցամաքային Գյուրբուլաք անցակետում թուրք ոստիկանության կողմից իրանցի զբոսաշրջիկներին ծեծի ենթարկելու առնչությամբ քաղաքացիներին նախազգուշացնող հայտարարություն է արել Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին: «Մեր այն քաղաքացիները, ովքեր պատրաստվում են Թուրքիա այցելել, ցամաքային ճանապարհի փոխարեն թող նախընտրեն օդային ճանապարհները»,- ասել է նա:
Խոսնակը հայտնել է, որ բռնի ուժ կիրառած թուրք պաշտոնյային պատժելու նպատակով պաշտոնական Անկարան արդեն գործընթաց է սկսել: «Սակայն միայն դա բավարար չէ: Ակնկալում ենք, որ Թուրքիան սահմանային անցակետերում մեր քաղաքացիների համար հարմար պայմաններ ստեղծի: Անկարան պետք է լրջորեն կանխի նմանօրինակ միջադեպերի կրկնությունը»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը: