Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի իր իրանցի գործընկեր Հասան Ռուհանիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանի դիրքորոշումն արցախյան հակամարտության հարցում հիմնված է միջազգային սկզբունքների վրա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն` հղում անելով Ալիևի մամլո ծառայությանը:
Ալիևը կիրակի պաշտոնական այցով Իրան է ժամանել:
«Ընդհանուր առմամբ վերջին 3 տարիներին ես պարոն նախագահ Ռուհանիի հետ 8 անգամ եմ հանդիպել: Սա ցույց է տալիս, որ իրանա-ադրբեջանական բարեկամական, եղբայրական կապերը շատ հաջող և արագ զարգանում են… Ուզում եմ Իրանին շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա կարգավորման հարցում դիրքորոշման համար: Այդ դիրքորոշումը հիմնված է միջազգային սկզբունքների, օրենքների և արդարության վրա: Յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է»,- ասել է Ալիևը: