ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծում հակառակորդի գործողություններին, նշեց, որ լարվածությունն օր օրի աճում է. «Կարծեցյալ կայունացման ժամանակաշրջանից հետո Ադրբեջանը նորից անցնում է ագրեսիվ գործողությունների, որոնք գնալով ահագնանում են: Խնդիրը մնում է չլուծված»:
«Հարց է ծագում. արդյո՞ք ՀՀ-ն ունի ճիշտ ռազմավարություն՝ ազգային անվտանգության սպառնալիքներին դիմայակելու ուղղությամբ: Կարծում ենք, որ ՀՀ ռազմավարությունն ադեկվատ չէ, համաչափ չէ վտանգին: Դրա համար մենք այսօր առաջարկեցինք, որ ԱԺ նախագահը հրավիրի փակ նիստ, որտեղ կքննարկվի սահմանին ահագնացող իրավիճակը»,- նշեց Լ. Զուրաբյանը:
Նրա դիտարկմամբ՝ այս իրավիճակում պաշտպանության նախարարի ՀՀԿ ցուցակում ընդգրկվելը հաջող որոշում չէ այն դեպքում, երբ որ կա ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրերս խոսելով ԼՂՀ խնդրի մասին, կողմ է արտահայտվել հարցի փոխզիջումային տարբերակին, անդրադառնալով հարցին, թե այս համատեքստում ՀԱԿ-ը համագործակցության եզր տեսնո՞ւմ է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ,- Լ. Զուրաբյանը նշեց. «ՀԱԿ-ն ի սկզբանե փոխզիջումների կողմնակից է եղել: Չեմ կարծում, որ որևէ լուրջ, տրամաբանող մարդ կարող է չհասկանալ խաղաղության անհրաժեշտությունը. խաղաղության ամբողջ էությունը փոխզիջումներ են, բնական է, որ նման դիրքորոշումը մենք կարող ենք միայն ողջունել»:
Մանրամասները՝ տեսանյութում: