ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի առաջնորդի ավագ եղբայր Կիմ Չեն Նամի սպանության ֆոնին քննարկում է Հյուսիսային Կորեան նորից ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում ներառելու հարցը: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին ԱՄՆ վարչակազմում:
Նշվում է, որ դրա պատճառ են դարձել Կիմ Չեն Նամի դիահերձման արդյունքները, որոնք ցույց են տվել, որ նրա օրգանիզմում հայտնաբերվել են որպես նյարդակաթվածային VX գործակալ հայտնի գերթունավոր քիմիկատի բաղադրիչներ: ՄԱԿ-ի դասակարգման համաձայն՝ դա զանգվածային ոչնչացման քիմիական զենք է:
Հյուսիսային Կորեան ահաբեկչության հովանավոր երկրների ամերիկյան ցուցակում ներառվել է 1987 թ. Աբու-Դաբիից Բանգկոկ ուղևորվող հարավկորեական ինքնաթիռի՝ օդում պայթելուց հետո: Հետաքննությունը ցույց է տվել, որ ահաբեկչությունը, որի հետևանքով 115 մարդ է զոհվել, իրականացրել են հյուսիսկորեական հատուկ ծառայությունների գործակալներ, որոնք ռումբ են տեղադրել ողևորատար ինքնաթիռում: 2008 թ. ԱՄՆ վարչակազմը Հյուսիսային Կորեային հանել է այդ ցուցակից՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման 6-կողմանի բանակցություններին մասնակցության համար խրախուսելու նպատակով, որոնք ավելի ուշ դադարեցվել են Փխենյանի նախաձեռնությամբ: