Սիրիացի օպերատոր Խալեդ Խատիբայի մուտքն ԱՄՆ մերժվել է։ Նրա «Սպիտակ սաղավարտավորներ» ֆիլմը, որը պատմում է Սիրիայում գործող մարդասիրական, ոչ կառավարական կազմակերպության մասին, առաջադրված է «Օսկարի»՝ «Լավագույն կարճամետրաժ փաստագական ֆիլմ» անվանակարգում։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
Ավելի վաղ 21-ամյա օպերատորին տրվել էր ամերիկյան վիզա, սակայն նրան թույլ չեն տվել նստել «Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռ, որը թռիչք պետք է կատարեր Ստամբուլից Լոս Անջելես։
Գործակալության տեղեկություններով՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը վերջին պահին մերժել է Խատիբայի մուտքը, քանի որ նրա մասին ինչ-որ «բացասական տեղեկություն» է ստացել։ Այդ տերմինի ներքո կարող են թաքնված լինել տարբեր հանգամանքներ՝ ահաբեկիչների հետ կապերից մինչև վիզային ռեժիմի սովորական խախտում։