Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին մերժել է «Ժառանգություն» կուսակցության մի շարք անդամների դիմումը՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված «Ժառանգության» անդամներին պատգամավոր չգրանցելու վերաբերյալ:
Մի խումբ կուսակցականներ վիճարկում են դաշինքին միանալու կուսակցության խորհրդի որոշման օրինականությունը և այդ հիմքով դիմել էին ԿԸՀ թեկնածուներին չգրանցելու համար: ԿԸՀ-ն մերժեց դիմումը, այդպիսով կանաչ լույս վառելով ՕՐՕ դաշինքի անդամ ժառանգական թեկնածուների համար: Առաջին հայացքից ընթացակարգային, ինչ որ իմաստով նաև տեխնիկական այդ գործընթացը իրականում բավականին շոշափելի քաղաքական ենթատեքստ ուներ, հաշվի առնելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակը, դաշինքի և մասնավորապես դրա առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հանդեպ իշխանության վերաբերմունքը, նաև անուղղակի զգուշացումները Սեյրան Օհանյանին, և այլն: Ահա այս համատեքստում, «Ժառանգության» պատգամավորների չգրանցումը, իհարկե, կլիներ գուցե ոչ ճակատագրական, սակայն զգալի և շոշափելի հարված այդ դաշինքին, հատկապես խորհրդարանական քարոզարշավից առաջ:
Փաստորեն, ԿԸՀ-ն չարեց այդ հարվածը: Այլ հարց է՝ իրավական հիմքեր ուներ, թե չուներ հարվածի համար, որովետև մենք հայաստանյան փորձից քաջատեղյակ ենք, որ եթե իշխանության համար լինում է քաղաքական անհրաժեշտություն, ապա իրավական հիմքերի հարցը այլևս դառնում է տեխնիկայի խնդիր: Եվ այս տեսանկյունից, իհարկե, ԿԸՀ-ի որոշումը հիմք է տալիս ուշագրավ արձանագրման, որ իշխանությունը փաստորեն ձեռնպահ մնաց այս անգամ «Ժառանգության» ներկուսակցական խնդրի առիթով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին հարված հասցնելուց: Թե ինչո՞վ է պայմանավորված իշխանության այդ «հանդուրժողությունը», իհարկե դժվար է ասել, սակայն, փաստն իհարկե ուշագրավ է:
Կամ իշխանությունը պարզապես նպատակահարմար չի գտել գնալ քայլի, որը կարող էր ավելորդ աղմուկ առաջացնել, փոխարենը չունենալ մեծ էֆեկտ, կամ պարզապես այդ որոշման «տողատակերում» առկա են որոշակի ազդակներ դաշինքի և իշխանության միջև լարվածության թուլացման և խորհրդարանական ընտրություններում զարգացումների կամ խաղի կանոնների, և կամ հավանական արդյունքների շուրջ որոշակի պայմանավորվածությունների նշմարման:
Չի բացառվում նաև, որ իշխանությունը պարզապես տալիս է նման իրողությունների պատրաստակամության ազդակ, այդպիսով դիտարկելով նախընտրական կամ առավել ևս հետընտրական կոնֆրոնտացիայի փոխարեն որոշակի ընդհանուր հայտարարի գալու հնարավորություն: Առավել ևս, որ գործնականում նախընտրական շրջանում հենց այստեղ՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի և իշխանության միջև է կուտակված կոնֆրոնտացիայի ամենամեծ լիցքը:
Լուսանկարը՝ Photolure-ի