Կինոաշխարհի ամենահեղինակավոր՝ «Օսկար» մրցանակի արժեքը բարձրանում է։ Այս տարի յուրաքանչյուր արձանիկը կազմակերպիչներին կարժենա 696 դոլար։ Այս մասին գրում է Forbes-ը։ Այսպիսով՝ անցած 6 տարում արձանիկի գինը մոտ կրկնակի բարձրացել է, քանի որ 2011 թվականին, ըստ CBS-ի տվյալների, այն արժեցել էր 400 դոլար։
Կինոարվեստի ակադեմիան մրցանակի գոյության տարիներին արդեն ավելի քան 3000 արձանիկ է բաշխել հաղթողներին։
34 սմ բարձրությամբ արձանիկը պատված է 24 կարատանոց ոսկով, արձանիկի քաշը երբեք չի փոխվում և կազմում է 3.85 կգ։
Այս տարի շոուն կվարի ամերիկացի կատակերգու Ջիմմի Քիմելը, ով այդ ոչ հեշտ աշխատանքի համար կստանա 15 հազար դոլար։
Հեղինակավոր կինոմրցանակաբաշխության 89-րդ արարողությունը կկայանա փետրվարի 26-ին։