«Նուբարաշեն» ՔԿՀ‐ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանը պարբերաբար հրաժարվել է բուժօգնությունից: Այս մասին նշվում է ՀՀ ԱՆ ՔԿՎ‐ի այսօր տարածած հաղորդագրության մեջ։
Դրանում, մասնավորապես, ասվում է․ «ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սողոմոնյանի պաշտպանը զանգվածային լրատվության միջոցներում, անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին, մասնավորապես, նշել է, որ նրա «առողջական վիճակը ծանր է, սակայն նրան բուժօգնություն չեն ցուցաբերում»:
Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Ա. Սողոմոնյանը պարբերաբար հրաժարվել է բուժօգնությունից: Փետրվարի 22‐ին հրավիրված մաշկաբանի, վիրաբույժի, թերապեւտի եւ հիմնարկի բուժսպասարկման բաժնի պետի նեղ մասնագիտական խորհրդատվությունից հետո վերջիններս համատեղ բժշկական զննության են ենթարկել Ա. Սողոմոնյանին: Կատարվել է անհրաժեշտ վիրաբուժական միջամտություն եւ նշանակվել դեղորայքային բուժում: Ներկայումս Ա. Սողոմոնյանը գտնվում է բուժանձնակազմի դինամիկ հսկողության ներքո»: