Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Ռուսաստան այցի ընթացքում Թեհրանը ակնկալում է Մոսկվայի հետ ստորագրել մի շարք փաստաթղթեր: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզին ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հետ բանակցությունների արդյունքում:
«Մենք հույս ունենք, որ Իրանի նախագահի Մոսկվա այցի ընթացքում մենք կստորագրենք ևս մի քանի փաստաթուղթ և կշարունակենք մեր արդյունավետ համագործակցությունը»,- ասել է նա:
Ռուսաստանում Իրանի դեսպան Լևան Ջագարյանը փետրվարի սկզբին հայտնել էր, որ Ռուսաստանի իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում հիմնականում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում: Մասնավորապես, նրա խոսքերով` պլանավորվում է ստորագրել զբոսաշրջիկների խմբի համար առանց վիզայի ռեժիմի համաձայնություն: