Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Կրակոցներն ու զոհերը կանխելու մեխանիզմներ չկան. կլինեն հակամարտության նոր սրացումներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

– Պարոն Իսկանդարյան, ինչպե՞ս եք վերլուծում այսօրվա ընդհանուր իրավիճակը Ղարաբաղի շուրջ՝ թե՛ ռազմական իրադրությունը և թե՛ հակամարտող կողմերի արտահայտած դիրքորոշումները հիմնախնդրի կարգավորման մասին, հատկապես Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի վերջին հայտարարությունները: Իլհամ Ալիևը հայտարարեց, թե ապրիլյան ռազմական բախումները և լարվածությունը շփման գծում Ադրբեջանի ներքին գործն են: Ինչո՞ւ է Ադրբեջանը կոշտացնում իր հռետորաբանությունը: Կարո՞ղ ենք ասել, որ կողմերը բանակցային նոր փուլից առաջ փորձում են ավելի շահեկան դիրքեր շահել և ավելի բարենպաստ դիրքերից սկսել նոր բանակցությունները:

Ես ընդհանրապես չեմ կարծում, թե բանակցային գործընթացը այսօր որևէ հեռանկար ունի: Մինսկի խումբը վերջին 5-6 տարիներին զբաղվում է ոչ թե հակամարտության կարգավորմամբ, այլ փորձում է պահպանել բռնությունը հակամարտության գոտում վերահսկելի սահմանների մեջ: Այդ վիճակը վաղուց է ստեղծվել, և ես բազմիցս խոսել եմ դրա մասին: Այս իմաստով առանձնակի փոփոխություն չի լինում, բացի այդ՝ վիճակը գնալով վատթարանում է: Հասկանալի է, որ ապրիլյան էսկալացիայից հետո իրադրությունը էլ ավելի վատացավ, և այսօր պարզապես իրատեսական չէ խոսել կարգավորման գործընթացին ինչ-որ կերպ մոտենալու մասին: Համանախագահների բոլոր փորձերը՝ կազմակերպել հանդիպում հանդիպումից ետևից, նպատակ ունեն պահպանել իրադրություն այն մակարդակում, որն այսօր կա, այսինքն՝ որպեսզի շատ չկրակեն, դա լինի ինչ-որ շրջանակների մեջ: Ապրիլյան իրադարձություններից հետո որոշ ժամանակ դա հաջողվում էր անել, խնդրին լուրջ ուշադրություն հատկացվեց, բոլոր համանախագահները լրջորեն աշխատում էին: Բայց դա չէր կարող շատ երկար տևել, որովհետև այս երեք երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, բազմաթիվ այլ խնդիրներ ունեն՝ Ղարաբաղյան խնդրից բացի: Եվ մյուս կողմից՝ Ադրբեջանը ինչ-որ ժամանակ հետևում է պայմանավորվածություններին, հետո խախտում է այդ պայմանավորվածությունները, քանի որ Ադրբեջանը, ըստ էության, որևէ այլ միջոց չունի հակամարտության վրա ազդելու: Այստեղից բխում է երկու հանգամանք:

Առաջինը Ադրբեջանի հռետորաբանությունն է, այն ամենը, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում և այն, ինչ նրանք հայտարարում են, թե «ազատագրելու են Իրևանը», որ խնդիրը լուծելու են ռազմական ճանապարհով, մի խոսքով՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում ադրբեջանական դիսկուրսիվ դաշտում:

Երկրորդը այս ամենի հետ միասին իր «մկանները» ցույց տալու Ադրբեջանի բավական ծիծաղաշարժ փորձերն են: Խոսքը, օրինակ, Լապշինի գործի մասին է: Դա ակնհայտորեն կատարվել է նախագահների մակարդակով, նախագահները զբաղվում են ինչ-որ խեղճուկրակ բլոգերին մի երկրից մեկ այլ երկիր տեղափոխելու և նրան «պատժելու» հարցով: Այս համատեքստում պետք է հիշատակել կրկին շատ զավեշտալի քարոզչությունը ադրբեջանական գյուղի «ազատագրման» և վերաբնակեցման մասին:

Այս երկու հանգամանքներն էլ կապված են նրա հետ, որ Ադրբեջանը չգիտի, թե ինչ պիտի անի տվյալ իրավիճակում: Նա պիտի փորձի շարունակել ինչ-որ կերպ ազդել հակամարտության վրա, որովհետև գլխավոր խնդիրը հետևյալն է՝ արդեն մեկ տարի է անցել ապրիլյան իրադարձություններից, և ոչինչ տեղի չունեցավ, և արդեն դժվար է Ադրբեջանի ներսում համոզել, որ դա «մեծ հաղթանակ էր»:

Այն ամենից, ինչ ասում են, գրեթե մեխանիկորեն հետևում է, որ կրակոցները շարունակվելու են, դրանք չեն կարող նվազել, Ադրբեջանը որևէ պատճառ չունի, որ հանկարծ դադարեցնի կրակելը, նմանատիպ քարոզչական գործողություններ իրականացնելը: Եվ ի՞նչ նա կստանա դրա դիմաց. պատասխանը՝ ոչինչ, որովհետև Ադրբեջանը համաձայն չէ կարգավորման տարբերակին, որը նրան առաջարկվում է Մադրիդյան սկզբունքների հիման վրա, իսկ Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարություն տալու մասին խոսելը ուղղակի անլուրջ է: Հետևաբար Ադրբեջանը պետք է կրակի, իսկ եթե դու կրակում ես և իրականացնում ես նմանատիպ քարոզչական գործողություններ, ապա ուժի մեջ է մտնում այն տրամաբանությունը, որը գոյություն ուներ մինչև ապրիլյան էսկալացիան, այսինքն՝ աճող լարվածություն: Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ լարվածությունը սկսում է աճել: Կարծում եմ՝ դա կբերի մինչապրիլյան իրավիճակի. հրադադարի խախտումները կշարունակվեն, ժամանակ առ ժամանակ կզոհվեն մարդիկ թե՛ մեր և թե՛ ադրբեջանական կողմից: Սպանված ադրբեջանցի զինծառայողները, ըստ էության, որևէ ազդեցություն չեն թողնում ադրբեջանական հանրության վրա: Այսպիսով, իրավիճակը պահպանվելու է այս տեսքով, ժամանակ առ ժամանակ լինելու են հակամարտության սրացումներ: Չեմ կարող ասել՝ ինչ ծավալների. դա կախված է շատ հանգամանքներից: Համանախագահող պետությունները փորձելու են ճնշում գործադրել ադրբեջանցիների վրա, կանգնեցնել նրանց, իսկ գործիքները բավարար չեն Ադրբեջանին կանգնեցնելու համար, այդ պատճառով իրավիճակն այսպիսին է:

– Այսինքն՝ սա հակամարտության օրգանական զարգացո՞ւմն է, թե՞ ավելի շատ Ադրբեջանի «ռազմական դիվանագիտության» հետևանքը: Ադրբեջանը իր ագրեսիվ պահվածքով ինչի՞ց է ուզում խուսափել կարգավորման գործընթացի համատեքստում՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումի՞ց:

– Ցավոք սրտի, այն ամենը, ինչի մասին հարցնում եք, մնացել են անցյալում: Ադրբեջանը չի համաձայնվում շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների ներդրմանը և չի համաձայնվում կրակի դադարեցմանը, ավելի ճիշտ՝ սկզբում համաձայնվեց, հետո հրաժարվեց, իսկ հետո այդ պայմանավորվածությունների խախտմանը զուգահեռ՝ կրակի ինտենսիվությունը շփման գծում սկսեց ավելանալ: Խոսքը նույնիսկ դրա մասին չէ, Ադրբեջանը լուծում է այն խնդիրը, որի մասին նշեցի վերևում: Ադրբեջանը այլ միջոց չունի հակամարտության նկատմամբ վերաբերմունքի վրա ազդելու: Եթե դադարեն կրակել, բացարձակապես բոլորը կմոռանան Ղարաբաղյան հակամարտության մասին: Աշխարհը հիմա զբաղված է այլ հարցերով՝ Թրամփ, Սիրիա, Իրան, Ուկրաինա, ռուս-ամերիկյան հարաբերություններ, հյուսիսային Իրաք, Թուրքիա: Այս բոլոր երկրներում իրադրությունը չափազանց անկայուն է, և բոլոր այս խնդիրները սկզբունքորեն ավելի կարևոր են միջազգային հանրության համար, քան Ղարաբաղը: Մի պահ պատկերացրեք, որ Ղարաբաղը վերածվել է «Կիպրոսի»: Շա՞տ եք լսում Կիպրոսի խնդրի մասին:

– Ոչ այնքան:

– Չեք էլ լսի, որովհետև, Փառք Աստծո, այնտեղ չեն կրակում. հիմնախնդիրը մոտ 50 տարի գոյություն ունի, մի այդքան էլ կշարունակվի: Բան չկա, մի կերպ ապրում ենք: Ահա այսպես են վերաբերվում այդ խնդրին: Շա՞տ եք լսում Իսրայելի մասին: Այո, որովհետև այնտեղ կրակում են:

– Նկատի ունեք իսրայելա-պաղեստինյան հակամարտությո՞ւնը:

– Այո: Եվ մեծ հաշվով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում իրական ընտրությունը «Իսրայելի» և «Կիպրոսի» միջև է, այսինքն՝ հակամարտությունը սառում է, ոչ ոք ոչ մեկի վրա չի կրակում, և ընթանում են բանակցություններ, իսկ այդ բանակցությունները ընթանում են տասնյակ տարիներ: Դա ակնհայտ է ադրբեջանցիներին: Եթե չես ուզում տարածք հանձնել, ապա կշարունակես վարել այդ բանակցությունները մինչև անվերջություն: Որո՞նք են երեք սկզբունքները. պետության սահմանների անխախտելիության սկզբունքը, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը և հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքը: Եթե սա դիվանագիտական լեզվից թարգմանենք համամարդկային լեզվի, ապա դա նշանակում է, որ «բանակցությունները կվարեք տասնյակ տարիներ»:

– Որովհետև այդ սկզբունքները հակասո՞ւմ են իրար:

– Այո, որովհետև հայերի ու ադրբեջանցիների մոտեցումները չափից ավելի հեռու են իրարից: Եվ երկրորդ տարբերակը՝ նույն իրավիճակն է, պարզապես կրակում են, ժամանակ առ ժամանակ բռնկվում է հակամարտությունը, և այդ բռնկումները հանգեցնում են նրան, որ մյուսները սկսում են ուշադրություն դարձնել խնդրին: Հիշեք, թե ինչպես ապրիլից հետո բոլորը վազելով եկան, բոլորը՝ և՛ Պուտինը, և՛ Օբաման, և՛ Օլանդը: Նրանք սկսեցին իրենց երկրների ուղղակի ուշադրությունը դարձնել այն խնդրին, որին մինչ այդ մեծ ուշադրություն չէին դարձնում, հետևաբար Ադրբեջանը ռացիոնալ կարիք ունի դա անելու՝ այդ թվում «ներքին շուկայի» համար, որովհետև սովորական ադրբեջանցուն ասում են՝ մենք հարուստ ենք, մենք ծախել ենք նավթը, գնել ենք զենք, ստեղծել բանակ, Հայաստանում բոլորը սովից մեռել են, փախել են երկրից, ընդհանրապես մարդ չի մնացել այդ երկրում, նույնիսկ Բաքու են գալիս և ստեղծում Բաքվի պլատֆորմը, և այդպես 25 տարի շարունակ: Նորմալ մարդը կարո՞ղ է դրան հավատալ: Մեկ, երկու տարի, հինգ տարի կարող է հավատալ, բայց ոչ ողջ կյանքը: Ցավոք սրտի, չունենք սոցիոլոգիական հարցումների արդյունքներ այդ հարցերի վերաբերյալ, բայց կարելի է ենթադրել, որ դրան հավատալն անհնար է:

– Ամեն դեպքում զսպման ավելի արդյունավետ միջոցներ տեսնո՞ւմ եք այս իրավիճակից դուրս գալու և ադրբեջանական կողմին ռազմականապես կանգնեցնելու համար: Դուք համաձայն չե՞ք, որ Ադրբեջանը, այդուհանդերձ, իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը ռազմական և դիվանագիտական դաշտում:

– Ես եղանակավորող բայերով չեմ խոսում, ես չեմ ասում՝ մենք ինչ ենք ուզում կամ ինչ չենք ուզում, ինչ է պետք անել և ինչ պետք չի անել, կամ ինչ է մեզ դուր գալիս և ինչը մեզ դուր չի գալիս: Դա իմ գործը չէ: Ես ասում եմ, թե ինչն է իրատեսական և ինչը՝ ոչ: Իրատեսակա՞ն է արդյոք այսօր խուսափել կրակոցներից և զոհերից սահմանին. ցավոք սրտի՝ ոչ: Ես շատ ուրախ կլինեմ, եթե սխալվեմ: Իմիջիայլոց, իրենց կողմից էլ են մարդիկ զոհվում, բայց ես վերլուծում եմ այս իրավիճակը քաղաքական առումով և նաև ասում եմ, թե ինչպես եմ վերլուծում: Ո՛չ, ես չեմ տեսնում այդպիսի մեխանիզմներ: Բանն այն է, որ զուտ ռազմական մեխանիզմները ակնհայտորեն չեն աշխատում, դժվար է տեխնիկապես այնպես անել, որ նրանք հնարավորություն չունենան կրակելու: Հումանիտար մեխանիզմները ևս չեն աշխատում: Նրանց զինվորները զոհվում են, բայց սովորական ադրբեջանցին փողոցում չի իմանում դրա մասին: Հասարակության, մամուլի կառուցվածքն այնպիսին է, որ Ադրբեջանի շարքային քաղաքացին պիտի զբաղվի հատուկ լրագրողական հետաքննությամբ, որպեսզի պարզի, թե ով, որտեղ և երբ է զոհվել: Ամեն մարդ չի կարող դա անել, իսկ հեռուստացույցով նա տեսնում է՝ «ազատագրված տարածքներում» գյուղ են կառուցում, և նախագահ Ալիևը «փառահեղ հաղթանակ է տարել», Ադրբեջան են բերել մի խեղճուկրակ բլոգերի: Հետևաբար այս ասպեկտը, որ մարդիկ են զոհվում, ևս չի կարելի պարտադրել ադրբեջանական կողմին: Միջազգային հանրությունը. իսկ ինչպե՞ս կարող է միջազգային հանրությունը պարտադրել Ադրբեջանին: Պարզ է, որ և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ռուսաստանը, և՛ Ֆրանսիան տեսականորեն մեծ տերություններ են, և եթե շատ ուզեն, ում ասես՝ կարող են պարտադրել: Նրանք շատ տանկեր, հրանոթներ և ռեյնջերներ ունեն, բայց նրանք չեն ուղարկի տանկեր, հրանոթներ և ռեյնջերներ Ղարաբաղ, իսկ քաղաքական գործիքները չեն հերիքում: Դա պարզ է 1992 թվականից: Հետևաբար կլինի ստատուս քվոյի տարբերակներից ինչ-որ մեկը՝ ավելի արյունոտ կամ ավելի քիչ արյունոտ, աճող կամ նվազող էսկալացիաներով: Սրա շրջանակներում՝ ռազմական մեխանիզմների կատարելագործում, քաղաքական ազդեցության փորձեր, արձագանք Ադրբեջանի գործողություններին, բայց այս գործիքներից որևէ մեկը չի կարող կանգնեցնել այս գործընթացը:

 

Լուսանկարը՝  azatutyun.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում