Մարտին կկայանա Ռուսաստան-Ադրբեջան-Իրանի էներգետիկ միջանցքի նախագծի իրագործմանն ուղղված քննարկում՝ լրագրողներին հայտնել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Այդ նախագիծն այսօր քննարկվել է Իրանի էներգետիկայի նախարարի հետ։ Մենք պայմանավորվել ենք, որ մարտի կեսին մեր մասնագետները կհանդիպեն և կքննարկեն նախագծի իրագործումը, տեխնիկական հանձնարարություններ»,-ասել է Նովակը։
«Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքով կկատարվի էլեկտրաէներգիայի արտահանում Ռուսաստանից Ադրբեջան և այնուհետև՝ Իրան։
Երեք երկրների էներգահամակարգերի միավորումը կստեղծի հնարավորություն արտահանման-ներկրման գործարքների ընդլայնման համար։ Ադրբեջանը կուժեղացնի իր դիրքը որպես էլեկտրաէներգիայի արտահանող և տարանցող երկիր։
Իրանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել էր անցած տարվա դեկտեմբերին։