«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը երեկ հանդիպել է Սերժ Սարգսյանին: Թե ինչ են զրուցել և ինչ որոշման հանգել հանդիպման ընթացքում, պարզել չհաջողվեց: Միայն նկատելի է եղել, որ Սեդրակյանը նախագահի նստավայրից դուրս է եկել բավականին բարձր տրամադրությամբ: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ի համամասնական և ռեյտինգային թեկնածուների ցուցակներում Մհեր Սեդրակյանի կամ նրա որդու՝ Դավիթ Սեդրակյանի անունը չկար:
Ու տևական ժամանակ է, ինչ լուրեր էին շրջանառվում, թե Սեդրակյանը նեղացած է ՀՀԿ-ից և որոշել էր սատարել «Ծառուկյան» դաշինքին, պետք է ռեյտինգային թեկնածուներից լիներ Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը: Սակայն Դավիթ Սեդրակյանը չառաջադրվեց նաև «Ծառուկյան» դաշինքով:
Հաշվի առնելով այն, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցուցակներում 48 ժամ ճշգրտումներ անելու հնարավորություն է տալիս, և այդ ժամկետն էլ դեռ չի սպառվել, ապա կարող ենք հետաքրքիր զարգացումների սպասել. պատգամավորի բարձր տրամադրությունը թերեւս դրա ապացույցն է: