Լուրեր
«Հայաստանամետը» էժան խաղ է. արևմտամե՞տ, թե՞ ռուսամետ. պետք է համարձակ կերպով հարցը բերել օրակարգ
  • 22:44
  • 2017-02-17
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է կինոռեժիսոր, «Եվորպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար Տիգրան Խզմալյանը:

-Պարոն Խզմալյան, հայտնի դարձավ, թե որ քաղաքական ուժերն են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ըմտրություններին: Այն պատկերը, որ կա, արդյո՞ք հույս է ներշնչում, որ Հայաստանի ապագա խորհրդարանում տեղ կգտնեն այնպիսի քաղաքական ուժեր, ովքեր Հայաստանը կփորձեն եվրոպական մոդելի պետություն դարձնել:

-Կարծում եմ, որ նման խնդիր դրված էլ չէ, սա մեր ցնորքն է, մեր պատրանքը, մեր երազանքը: Ո՛չ, նման հարց առաջ քաշող անգամ չկա: Մենք կարծես թե մասնակցում ենք մի էժանագին ներկայացման, ով՝ որպես դերակատար, ով՝ որպես հանդիսատես, դա նշանակում է, որ մենք՝ բոլորս, կիսում ենք մեղքը, որ մենք թույլ ենք տալիս մեզ հետ մեր երկրում անել այն, ինչ կատարվում է: Մենք կարծես թե հոսանքի ուղղությամբ ենք շարունակում շարժվել՝ որպես երկիր, որպես ազգ, որպես հասարակություն (չեմ ասի՝ պետություն, որովհետև պետություն էլ չկա): Գիտեք, միայն սատկած ձկներն են գետի հոսանքի ուղությամբ գնում, կենդանի ձկները գնում են հոսանքին հակառակ ուղղությամբ, որովհետև միայն այնտեղ է ակունքը: Իսկ մենք հաշտվել ենք այս ամեն ինչի հետ: Մեկը մեկի հետևից մեր օրացույցում վերջին տարիներին ավելանում են սգո, նվաստության ողբերգական օրերը. հիմա փետրվարն է, մոտենում է Սումգայիթի տարելիցը, հետո Մարտի 1-ի, հետո ապրիլյան պատերազմի տարելիցը, որին կհաջորդի Ապրիլի 24-ը, մենք կարծես թե դուրս չենք գալիս այս սև շրջանից և չենք էլ փորձում: Այդ առումով մենք հարց չտվեցինք՝ իսկ ինչո՞ւ մենք հանկարծ պետք է դառնայինք խորհրդարանական պետություն: Ես շարունակում եմ պնդել, որ մեզ հետ փորձարկում են մի շատ չար բան, որը բերելու է նրան, որ Հայաստանում վերանալու է ինքնուրույնության, ինքնիշխանության վերջին նշույլը, և լղոզված, ամորֆ, անանուն «իշխանությունը» պատրաստ է լինելու Ռուսաստանին հանձնել մեր անկախության այն վերջին փշրանքները, որ մնում էին առ այսօր: Ահա դա է իրական խնդիրը, և ահա թե ինչի մասին պետք է խոսել:

Դրան հակակշիռ ուժեր Հայաստանում չկա՞ն: Եթե իշխանությունները վարում են նման քաղաքականություն, կարո՞ղ ենք ասել, որ նաև այս խորհրդարանում ընդդիմության հակակշիռ քաղաքականությունը չենք տեսնի:

-Գրեթե այդ ամբողջ զանգվածը, որ իրեն համարում է ընդդիմություն, իշխանության հետ մրցում է միայն մի հարցում, թե ով Ռուսաստանին ավելի համոզիչ կապացուցի իր լավ ստրուկ լինելը, թե ով ավելի լավ իր ծառայությունը կմատուցի, ով ավելի մտերիմ կլինի Կրեմլին: Ուրիշ խնդիրների շուրջ բանավեճ, կամ հետկուլիսյան քաղաքական աշխատանք չի տարվում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *