ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը տարբեր պատճառներով համակրում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքին: Փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքով՝ Ս. Բաբայանը մեծ ներդրում ունի Արցախի, Հայաստանի պետականության կայացման գործում և չի կարող անտարբեր մնալ Հայաստանի քաղաքական գործընթացների հանդեպ. «Սամվել Բաբայանի համակրանքը տարբեր պատճառներով այս պահի դրությամբ ավելի շատ մեր ուղղությամբ է: Բայց երբ վերջնական որոշում կունենա, ինքն այդ մասին կասի»:
«Որոշակի համագործակցություն կա ոչ միայն Սամվել Բաբայանի, այլ նաև մեր մյուս մարտական և զինակից ընկերների հետ: Բայց մեր դաշինքի ձևավորման, ցուցակները կազմելու, ծրագրերի առումով մենք գործում ենք բացառապես ինքնուրույն և մեր դաշինքի անդամ քաղաքական ուժերի առաջնորդների հետ»,- հավելեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: