Եվրամիությունը նախատեսում է ակտիվացնել համագործակցությունը Ղրղըզստանի հետ: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է Բրյուսելում միության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հանդիպումից հետո:
Մոգերինին ընդգծել է հետագա համագործակցությունն ուժեղացնելու Եվրամիության հակվածությունը , ինչպես նաև աջակցություն է հայտնել երկրի իշխանություններին ժողովրդավարություն կառուցելու և տնտեսական կայուն աճ ապահովելու գործում: Նա նաև շեշտել է արդար, ազատ, թափանցիկ նախագահական ընտրություններ անցկացնելու կարևորությունը, որը տեղի է ունենալու այս տարի:
Աթամբաևն իր հերթին ԵՄ դիվանագիտության ղեկավարին տեղեկացրել է երկրում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին: