Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Սիրիայի կառավարությանը վերջին ամիսների մարտերի ժամանակ Հալեպում քիմիական զենքի կիրառման մեջ։
2016 թվականի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 13-ը իրավապաշտպանները գրանցել են առնվազն 8 դրվագ, երբ կառավարական ուղղաթիռները քլոր են արձակել Հալեպի բնակելի շրջանների վրա՝ ասվում է HRW-ի պաշտոնական հայտարարությունում։
Թունավոր նյութի կիրառման հետևանքով զոհվել է առնվազն 9 խաղաղ բնակիչ, որից 4-ը՝ երեխաներ։ Եվս մոտ 200 մարդ վիրավորվել է։
Փորձագետները նման եզրակացության են եկել ականատեսների հետ հեռախոսազրույցների, տեսանյութերի, լուսանկարների և սոցցանցերում կատարված գրառումների վերլուծության հիման վրա։
Տեսանյութերում երևում է, թե ինչպես է Հալեպի թաղամասերի վրա կանաչ ծուխ բարձրանում։ Օդից ծանր քլորը իջել է նկուղներ, որտեղ պատսպարվել են բնակիչները։
Ականատեսները նկարագրում են, թե ինչպես են տուժածները շնչահեղձ եղել, հազացել։ Նրանց մոտ դիտվել է փսխում, երբեմն՝ գիտակցության կորուստ։
Կազմակերպության տվյալներով՝ հարվածները հասցվել են այն շրջաններին, որտեղ կառավարական ուժերը ծրագրել են հարձակողական գործողություններ։