Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության ընդլայնումը Վրաստանի հետագա եվրոինտեգրման գործիքներից մեկն է: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան հարցերով նախարար Վիկտոր Դոլիձեի հետ հանդիպմանը:
Լիտվայի դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Վիլնյուսն աջակցում է Թբիլիսիին դաշինքի հետ ինտեգրման ճանապարհին: Լինկյավիչյուսը նաև կոչ է արել Վրաստանին չդանդաղեցնել Եվրամիության հետ ասոցացման մասին պայմանագրի դրույթների իրագործման տեմպը, որն ուժի մեջ է մտել 2016թ. հուլիսին:
Դիվանագետի գնահատմամբ՝ Թբիլիսին «դժվար և համառ աշխատանքի» շնորհիվ դարձել է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի լիդեր: «Բայց այդ տիտղոսը հեշտ է նվաճել, ավելի դժվար է այն պահպանել»,-ասել է լիտվացի նախարարը: