Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության մամլո քարտուղար Այհան Բիլգենը երեքշաբթի ձերբակալվել է, նրան կալանք է սպառնում: Այս մասին RIA Novosti-ն ասել է կուսակցության մամլո ծառայության ներկայացուցիչը:
«Այհան Բիլգենը ձերբակալված է, և ներկայումս ցուցմունք է տալիս Դիարբեքիրում: Կալանքի մասին տեղեկություն մենք առայժմ չունենք, բայց այդպիսի որոշում կարող է ընդունվել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նա հավելել է, որ ներկայումս կալանքի տակ է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում՝ դրա համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդագը: Թուրքիայի իշխանությունները նրանց մեղադրում են երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ: Պատգամավորները հերքում են այդ մեղադրանքը: