ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական այցով Մեծ Բրիտանիա ժամանելուն ուղղված ստորագրահավաքը ավելի քան 100 հազար ստորագրություն է հավաքել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Դոնալդ Թրամփը պետք է հրավիրվի պետական պաշտոնական այցի շրջանակներում, որովհետև նա ազատ աշխարհի առաջնորդ է, իսկ Մեծ Բրիտանիան երկիր է, որն աջակցում է խոսքի ազատությանը և չի համարում, որ պետք է լռեցնել այդ տեսանկյունը պաշտպանող մարդկանց»,- ասվում է ստորագրահավաքի տեքստում:
Ստորագրահավաքը հրապարակված է Մեծ Բրիտանիայի կառավարական կայքում: Ստորագրությունների քանակը գերազանցել է այն շեմը, որը հարկավոր է կառավարությունում հարցը քննարկման դնելու համար:
Ավելի վաղ հակառակ պահանջով ստորագրահավաքը՝ թույլ չտալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պետական այց կատարել Մեծ Բրիտանիա, հավաքել է ավելի քան 1 մլն ստորագրություն: