ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորում է այն հանգամանքը, որ Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերը միաձայն են և այլ կարծիք չունեն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում: Հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ հարցին, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու գործընթացի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ֆրանսիայի սահմանադրական դատարանի խորհրդի որոշումը, թե Հավասարության և քաղաքացիության մասին օրենքի այն հոդվածը, որը պատիժ էր սահմանում մարդկության դեմ գործված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների ժխտման համար, հակասահմանադրական է:
«Կարևորն այն է, որ Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերն անխտիր միաձայն են և այլ կարծիք չունեն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ: Գիտեք, որ Ֆրանսիան այն երկիրն է, որը համապատասխան օրենքի ուժով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- նշել է նախարարը: