ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հունվարի 31-ին ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանին։ Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են անցած տարիների ընթացքում նախարարության հետ համագործակցության հիմնական ուղղություններն ու ձեռքբերումները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Վերարտադրողական առողջության բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի շրջանակում կատարելագործվել է օրենսդրական դաշտը, հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերի հղիների հսկողությունն ապահովելու նպատակով հինգ մարզում ներդրվել է շրջիկ գինեկոլոգիական ծառայություն։ Իսկ 2001թ. ստեղծված «Շտապ մանկաբարձական օգնության» ծառայությունը, որ արագ արձագանքում է մարզերում ծննդօգնության դժվար դեպքերին, նպաստում է մայրական մահացության կրճատմանը։ Իրականացվել են նաև կրթական ծրագրեր։
Կարևորելով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ տարվող համատեղ աշխատանքները, այդ թվում` օրենսդրական կարգավորումը, Գարիկ Հայրապետյանն անդրադարձել է այս ոլորտում դրական շարունակական արդյունքներին։
Քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մայրական «մազից կախված կրիտիկական դեպքերի» վերլուծության համակարգի ամրապնդման, նոր մեխանիզների մշակման գործում։
Նախարար Լևոն Ալթունյանի հավանությանն է արժանացել նաև կլինիկական ուղեցույցների մշակման աշխատանքային խմբերի համար Եվրոպայից հրավիրված միջազգային փորձագետի կողմից երկօրյա ուսուցում կազմակերպելու առաջարկը։
Քննարկվել են այլ ոլորտներում ևս հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։