Արտակարգ իրավիճակների նախարարության համար 2016 թվականն աչքի է ընկել արտակարգ դեպքերի եւ պատահարների զգալի նվազմամբ: Լրագրողների հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ 2016 թվականին գրանցվել է 12 հազար 992 արտակարգ պատահար: Դրանցից 8 020-ը եղել են տեխնածին, 392-ը` տարերային, 4 580-նն էլ սոցիալ-կենցաղային բնույթի: «Արտակարգ դեպքերից եւ պատահարներից հաշվետու տարում զոհվել է 354, տուժել 9 232 մարդ: Զոհերի գերակշիռ մեծամասնությունը` 75 տոկոսը, ինչպես եւ նախորդ տարիներին, եղել են ճանապարհատրանսպորտային պատահարներ»,-ասել է նա:
Շահգելդյանը նշեց, որ 2016 թվականին գրանցվել է հրդեհների մասով նվազում 2 000-ով, ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվն էլ նվազել է 80-ով: «2016 թվականին մենք ուշադրություն ենք դարձրել ոչ միայն արտակարգ դեպքերին եւ պատահարներին, այլև մեր ազգաբնակչությանն անհանգստացնող տարաբնույթ կենցաղային դեպքերին»,-ասաց Շահգելդյանը՝ հավելելով, որ ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգել է նմանատիպ 201 դեպքի: