Պոլսահայ մտավորական, «Ակօս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին մոմավառություն է տեղի ունեցել ԱՄՆ Նյու Յորք քաղաքում, հաղորդում է The Armenian Weekly պարբերականը:
Հայկական համայնքի մի քանի տասնյակ անդամներ մասնակցել են արարողությանը Հայաստանի դրոշներով, Դինքի լուսանկարներով և տարբեր կարգախոսներ պարունակող գրություններով: Նրանք արդարության կոչերով են հանդես եկել` բղավելով. «Բոլորս Հրանտ Դինք ենք», «Արդարություն Հրանտ Դինքի համար», «Թուրքիա, ճանաչիր քո մեղքը»:
Մոմավառության ամենասկզբում աղոթք է ընթերցվել, ապա երգել են «Հայր մերը», «Տեր ողորմյան», «Կիլիկիան»:
Համայնքի անունից ելույթ են ունեցել Հայ դատի Նյու Յորքի հանձնախմբի ղեկավար Նազարեթ Մարգարյանը և գրող Թալին Բաբայանը։