Կրասնոդարի Պավլովի շրջանում ավտոպատահարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ Վանուշ Սահակյանը, Դավիթ Քոթանջյանը, Արսեն Պողոսյանը և Գարիկ Կոստանդյանը, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս են գրվել Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցից: Տուժած Մհեր Քոթանջյանին հարազատները տեղափոխել են Դոնի Ռոստով։
Ինչպես տեղեկացրին առողջապահության նախարարությունից, բուժումը հիվանդանոցում շարունակողներից մեկի վիճակը մասնագետները գնահատում են ծանր, մյուսներինը` միջին ծանրության։ Բոլորն անցել են լաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժօգնություն։ Նրանց մոտ ախտորոշվել են տարբեր աստիճանի կոտրվածքներ, երկուսի մոտ առկա է նաև թոքի վնասվածք։ Բոլորը գտնվում են մասնագետների մշտական ուշադրության ներքո։