Վիեննայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի 18-ամյա քաղաքացու, որը ծրագրել է ահաբեկչական հարձակում գործել: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Ավստրիայի ՆԳՆ ղեկավար Վոլֆգանգ Սոբոտկային:
Նրա խոսքով՝ հիմքեր կան կարծելու, որ ձերբակալվածն իսլամիստական հայացքների հետևորդ է, և նրա գործողություններում ջիհադիստական դրդապատճառ է դիտվում:
Ոստիկանությունում դիմել են երկրի բնակիչներին՝ կոչ անելով զգոնություն ցուցաբերել և հայտնել կասկածելի մարդկանց և առարկաների մասին:
«Մենք այդ մարդու մասին տեղեկություն ստացել ենք արտասահմանյան երկրների հետախուզական ծառայություններից»,- նշել է Սոբոտկան:
Ներկայումս ոստիկանությունն ուսումնասիրում է կասկածյալի հնարավոր կապերը իսլամիստ ծայրահեղականների հետ:
Ավստրիական Krone թերթը հոդված է հրապարակել, որում ասվում է, որ Վիեննայում ահաբեկչական հարձակումներ իրականացնել ծրագրել են ալբանական ծագմամբ մի խումբ իսլամիստներ: Լրագրողներն իրենց աղբյուրները չեն բացահայտել:
Վիեննայում հիմա անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկվում: