Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունվարի 20-ին շնորհավորական նամակ է ուղարկել Անտոնիո Տայանիին՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից, նամակում մասնավորապես ասված է. «Եվրոպական խորհրդարանը՝ որպես Եվրոպական Միության հիմնական ինստիտուտներից մեկը, կարևորագույն դեր է խաղում աշխարհում ժողովրդավարական արժեքների և ազատությունների տարածման և խաղաղության ու կայունության պահպանման գործում: Սրանք արժեքներ են, որոնք կենսական կարևորություն են ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար 1991 թվականին հռչակված անկախությունից ի վեր: Վստահ եմ, որ Ձեր նախագահությամբ եվրոպական խորհրդարանը կշարունակի աջակցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և կընդառաջի եվրոպական կառույցներին ինտեգրվելու՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հետևողական քայլերին»: