Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության դատապարտման մասին բանաձև է քննարկվել:
Ինչպես հաղորդում է թուրքական Haberturk կայքը, քննարկման արդյունքում որոշում է կայացվել «Թուրքիայի վերաբերյալ քննադատություններ պարունակող» բանաձևը խորհրդարանի լիագումար նիստում հունվարի 26-ին քվեարկության դնել:
Քննարկման ժամանակ բանաձևին ընդիմացող պատգամավորները, այդ թվում Դանիայի ԱԳ նախարարը, հայտարարել են, որ ցեղասպանության հարցը պետք է թողնել պատմաբաններին, սակայն բանաձևի քննարկումը նախաձեռնողներն էլ հակադարձել են` ասելով, որ պատմաբանները հստակ գնահատական արդեն տվել են այդ հարցին:
Դանիայի արտգործնախարարի խոսքով՝ երկրի խորհրդարանը պետք է չեզոք դիրքորոշում գրավի և գնահատականներ չտա պատմական իրադարձություններին։
Հիշեցնենք, որ քննարկումից օրեր առաջ Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ էին սկսել նախաձեռնությունը տապալելու նպատակով: