Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի մոտ գտնվող Թուզլայի նավաշինարանում տեղի է ունեցել MİLGEM («Ազգային նավ») նախագծի շրջանակներում առաջին ֆրեգատի կառուցման մեկնարկի արարողությունը, որը ստացել է «Ստամբուլ» անվանումը։
Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը և ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուն։
Ըշըքի խոսքերով՝ նախագծի իրագործման մեջ թուրքական կողմի մասնակցությունը կազմում է 65 տոկոս, իսկ նավի կառուցման ու հագեցման գործընթացում ներգրավված է տեղական ավելի քան 50 ընկերություն։
Ըշըքը հայտարարել է, որ ծրագրված է 12 միլիարդ դոլար հատկացնել ֆրեգատների, պարեկային մոտորանավակների, օժանդակ նավերի ու արագընթաց մոտորանավակների նախագծերի իրագործման համար։
Նա ընդգծել է, որ նավը հագեցնելը ավելի թանկ է արժենում այն կառուցելուց, ինչի համար էլ Թուրքիան մտադիր է սկսել հայրենական արտադրության մարտական համակարգերի արտադրություն՝ նախատեսված ռազմածովային ուժերի կարիքների համար։
Ընդգծվում է, որ «Ստամբուլ» ֆրեգատի երկարությունը կազմելու է 113 մետր, այն կկառուցվի 3 տարի և 10 ամսում, և շահագործման կհանձնվի 2021 թվականին։ Ֆրեգատը կկարողանա Ստամբուլից Եմեն կամ Սոմալի հասնել առանց լիցքավորման։
Խոսքը 7000 կիլոմետր հեռավորության մասին է։ Նավը հանդիսանալու է «Ադա» («Կղզի») դասի կորվետների շարունակությունը։ Երկրորդ ֆրեգատը ստանալու է «Իզմիթ» անվանումը։