Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Թուրքիայի ռազմաօդային ուժերը օդային առաջին համատեղ գործողությունն են իրականացնում ԴԱԻՇ-ի դեմ։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը՝ ընդգծելով, որ այն իրականացվում է Հալեպի նահանգի Էլ Բաբ բնակավայրի շրջանում։
Ռուդսկոյի խոսքերով՝ գործողությունը համաձայնեցված է սիրիական կողմի հետ, դրան մասնակցում է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 9 հարվածային ինքնաթիռներ, այդ թվում՝ 4 հատ Սու-24Մ, 4 հատ Սու-25, 1 հատ Սու-34 ռմբակոծիչ.
«Բացի այդ, գործողությանը մասնակցում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի 8 ինքնաթիռ՝ 4 հատ F-16 և 4 հատ F-4։ Համատեղ ավիացիան խոցել է 36 օբյեկտ։ Վերջին երկու օրերին անօդաչու թռչող սարքերի ու տիեզերական հետախուզության սարքերի օգտագործմամբ իրականացվել է հետախուզություն»։