«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը:
-Պարոն Իսագուլյան, կցանկանայի խոսենք վերջերս Ադրբեջանում հայտնված հայերի մասին, ովքեր կարծես թե խաղաղության պլատֆորմ են ստեղծում, նրանք այնտեղ ներկայանում են, իբրև թե այստեղ հասարակական լայն գործունեություն են ծավալել, բայց իրականում ոչնչով աչքի չեն ընկել: Արդյո՞ք մեր ԱԱԾ-ն այս առումով որևէ բան ունի անելու, գուցե թերացե՞լ է, որ ականատես ենք լինում նման դեպքերի:
-Նրանք այստեղ որևէ բանով աչքի չեն ընկել, բացի այն, որ որոշակի շրջաններում փորձել են իրենց համար նպաստավոր պայմանների դեպքում իրենց անձնական կյանքում առաջխաղացում ստեղծել՝ ֆինանսական, տնտեսական, քաղաքական ասպարեզներում, և չեն հաջողվել: Առաջինը Վահան Մարտիրոսյանը գնաց այդ քայլին, հետո Վահե Ավետյանը և Սյուզան Ջաղինյանը: Իհարկե, հատուկ ծառայություններն այստեղ անելիք ունեն, բայց հաշվի առնելով, որ անկախ պետականության պայմաններում, նաև մարդկանց տեղաշարժի առումով մարդիկ ունեն ազատություններ և կարող են գնալ ցանկացած երրորդ երկիր և այնտեղից գնալ Ադբեջան առանց խոչընդոտների: Ինչ պետք է անեն մեր հատուկ ծառայությունները:
-Որոշակի տրամադրություններ գուցե ստուգվեն:
-Եթե տրամադրություններն ստուգենք, մենք կհայտնվենք բոլորիս կողմից քննադատվող 37թ-ի իրավիճակում, երբ որ մարդկանց անձնական տվյալները, խոսակցությունները, նամակագրությունը, եթե դա արտասահմանի հետ էր, մանրակրկիտ քննության նյութ էին դառնում, որի համար մարդուն նույնիսկ կարող էին հայրենիքի դավաճան համարել և դատապարտել: Չեմ կարծում, թե իմաստ ունի, որ մենք այնքան ուշադրություն դարձնենք, որ ամեն մեկի անձնական կյանքն ուսումնասիրենք: Չեմ էլ բացառում, որ հասարակության մեջ մարտիրոսյաններ, ջաղինյաններ, ավետյաններ շատ կան: Շատ-շատերին այդ քայլից հետ է պահում այն հանգամանքը, որ ոչ միայն իրենց, այլ նաև իրենց սերունդների վրա հայրենիքի դավաճանի կնիք է դրվելու է: Դավաճանների նկատմամբ ինչ գործողություն պետք է կատարել, դա էլ է հստակ… Պետք է ուշադիր լինել, որ նոր մարդիկ չընդգրկվեն այդպիսի խնդիրներում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: