Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։
Նամակում Ալիևը հիշեցրել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 25 տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի 14-ին։ Ալիևը շնորհավորել է այդ կապակցությամբ՝ ընդգծելով, որ Թուրքիան պատմության մեջ առաջին երկիրն է, որի հետ Ադրբեջանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ.
«Մեր երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունները հենված են պատմական խորն արմատների վրա։ Անցած տարիներին «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքն ընդգրկել է թուրք-ադրբեջանական կապերի բոլոր ոլորտները։
Թուրք-ադրբեջանական գործընկերությունը ծառայում է երկու պետությունների բարգավաճմանը, տարածաշրջանում կայունության ու հանգստության հաստատմանը։ Վստահ եմ, որ թուրք-ադրբեջանական միասնությունը հետագայում կամրապնդվի ու կընդլայնվի»։