Գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով 2008-ին ակտիվ մասնակցություն ունեցավ նախագահական ընտրություններին, տարբեր քաղաքական ուժերից առաջարկներ է ստացել մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:
«Բանակցություններ և կոնսուլտացիաներ են ընթանում, բայց իր մասնակցության ձևաչափի վերաբերյալ դեռ որոշում չկա, այդ մասին ինքը որոշում կայացնելուց հետո անձամբ կհայտարարի»,- ասաց Աննա Մկրտչյանը՝ չնշելով, թե որ քաղաքական ուժերի հետ են ընթանում բանակցություններ:
«Ձեզ հայտնի քաղաքական ուժեր են, բայց անուններ չեմ նշի, տարբեր ուժեր են»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք՝ Խաչատուր Սուքիասյանը, այնուամենայնիվ, կմասնակցի՞ ընտրություններին, պարզապես ձևաչափի՞ ընտրության հարցն է, Աննա Մկրտչյանը նկատեց, որ այս պահին իր մասնակցության, ձևաչափի մասին ինքն անձամբ կհայտարարի. «Կարող եմ ասել, որ այս պահին բանակցություններ են ընթանում, մնացածը ինքը կհայտարարի»: