Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ու Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը։
Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։ Ջանելիձեն իր ցավակցություններն է հայտնել Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին՝ կապված հաճախակիացած ահաբեկչական հարձակումների հետ։
Յըլդըրըմն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վրաստանին պետական հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիային աջակցելու համար։ Թուրքիայի վարչապետն աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրմանը։
Քաղաքական գործիչները պատրաստակամություն են հայտնել՝ նպաստելու տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների խորացմանը։ Հատուկ ուշադրություն է հատկացվել առևտրի, էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում համագործակցությանը։
Ջանելիձեն Թուրքիայում մասնակցում է դիվանագիտական կորպուսի տարեկան հանդիպմանը։