Լուրեր
«Սասնա ծռերն» ինձ համար չափանիշ չէ, սկսել եմ լրջորեն գործով զբաղվել. Հայրիկյան
  • 22:10
  • 2017-01-10
  • Դիտումներ՝ *

«Բոլորիս համար ակնհայտ է, որ 2017-ի կարևորագույն միջոցառումը, այսպես կոչված, խորհրդարանական ընտրություններն են: Ընտրություններ ընդհանրապես Հայաստանում չեն եղել, սկսած՝ 90թ-ի խորհրդարանի նախագահի ընտրություններից, վերջացրած վերջին՝ սահմանադրական հանրաքվեով: Այս ընտրությանը որպես ընտրության վերաբերվելը մի փոքր անհամարժեք կլիներ, դրանից ելնելով՝ մենք որոշեցինք, որ այս ընտրություն կոչված միջոցառումը պետք է օգտագործենք Հայաստանում արմատական բարեփոխումներ իրագործելու համար, մի բան, որը մեկ քաղաքական ուժի ուժերից վեր է»: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հայրիկյանի խոսքով՝ քաղաքացին պետք է լինի երկրի տերը, դա ժողովրդավարությունն է. «Ելնելով դրանից՝ մենք ժողովրդավարական դաշինք ստեղծելու կոչով դիմեցինք քաղաքական գրեթե բոլոր ուժերին՝ բացի ՀՀԿ-ից: Եղան մի քանի ոչ հստակ արձագանքներ: Մասնավորապես արձագանքեց Հայաստանի պահպանողական կուսակցությունը, որը շեշտում էր արևմտյան դիրքորոշումը: Այսօր առանցքային է այն, որ Հայաստանը պետք է դարձնենք արևմտյան քաղաքակրթական աշխարհում տեղավորվող պետություն»:

«Մենք ունենք երկրորդ ծրագիր, այն դեպքի համար, երբ «կուսակցությունների» հետ համաձայնության չենք գա, կուսակցություններ, որոնք տարբեր առիթներով սկսեցին ցույց տալ, որ իրենք իշխանության հետ հոգեհարազատ միավորներ են: Մենք արդեն  սկսել ենք երկրորդ ծրագրի իրականացումը»,- նշեց Հայրիկյանը:

ԱԻՄ-ը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին. «Մենք չենք խոսում օրինավոր ընտրությունների մասին, մենք խոսում ենք այս ընտրությունները որպես համազգային ազատագրական պայքարի միջոց օգտագործելու մասին»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ կա նաև տեսակետ, օրինակ՝ «Սասնա ծռերը» կարծում են, որ ընտրություններին մասնակցելը լեգիտիմացնում է իշխանությունների խաղը, Հայրիկյանը նշեց. ««Սասնա ծռերն» ինձ համար չափանիշ չեն: Ես 50 տարի պայքարի մեջ եմ, ի՞նչ է, սպասում եմ, որ «Սասնա ծռերը» մեջտեղ գան, որ ես իմանա՞մ՝ ինչ եմ անում: «Սասնա ծռերը» քաղաքական կուսակցություն չեն, դրա համար այդպես են ասում: Ես այն կարծիքին եմ, որ եթե կան համազգային խնդիրներ, դրանց լուծման համար պետք է օգտագործել հնարավորությունը, պետք է օգտագործել համազգային, մոբիլիզացիոն որևէ պրոցես»:

Մանրամասները՝ տեսանյութում: