Business Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, ով նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին հանդիպել է «Գազպրոմ Էքսպորտ» ընկերության ներկայացուցիչների հետ, հայտարարել է, որ բանակցությունները շարունակվելու են, քանի որ համաձայնություն ձեռք չի բերվել Հայաստան ռուսական գազի տարանցման պայմանների շուրջ։
Նրա խոսքերով՝ վրացական կողմը հավատարիմ է շատ պարզ դիրքորոշման, որ անգամ ֆինանսներով վճարելուն անցում կատարելու դեպքում երկիրը պետք է ստանա այն նույն օգուտը, որը նա ունենում է բնական գազը հումքի տեսքով ստանալիս։
Հունվարի 9-ին Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Գախարիան նույն թեմայով հայտարարել է, որ իրենց գլխավոր դիրքորոշումն այն է, որ իրենց շուկան պետք է լինի դիվերսիֆիկացված, որ իրենք պետք է ունենան առավել օբյեկտիվ գին։
Հաղորդվում է, որ Կալաձեն «Գազպրոմ»-ի ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 23-ից բացի, դեկտեմբերի 13-ին բանակցել է Վիեննայում, սակայն երկու հանդիպումներն էլ արդյունք չեն տվել։
«Գազպրոմ»-ի ներկայացուցիչներն առաջակում են Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց Վրաստանին վճարել փող և ոչ թե տարանցվող գազի 10 տոկոսը, սակայն այդ առաջարկը անընդունելի է վրացական կողմի համար։