Այսօր տեղի է ունեցել «Համախմբում» կուսակցության վարչության հերթական նիստը, որտեղ որոշվել է ստեղծել բանակցող խումբ, որն ակտիվորեն խորհրդակցություններ է անցկացնելու քաղաքական, հասարակական ուժերի հետ ընտրություններին հնարավոր դաշինքով մասնակցելու շուրջ: Թեմայի շրջանակներում զրուցել ենք բանակցող խմբի անդամ, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանի հետ:
– Պարոն Մարգարյան, այս պահին ո՞ր քաղաքական ուժերի հետ են ընթանում բանակցություններ հնարավոր դաշինք կազմելու շուրջ:
– Մենք բազմաթիվ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, միավորումների հետ կոնսուլտացիաներ ենք ունեցել, շարունակում ենք նաև այսօր: Եվ որոշակի պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել: Հիմա արդեն քաղաքական կոնսուլտացիաներից դաշինք կազմելու խնդիր է առաջացել: Դրա համար վարչության որոշմամբ ձևավորվեց բանակցող խումբ, որը պետք է բանակցությունները վարի, սակայն շատ ավելի կոնկրետ. այսօր անուններ չեմ հրապարակի, բայց շուտով մենք ամբողջական կհրապարակենք:
– Հունվարին արդեն կհստակեցվի՞:
– Այո, կհստակեցվի:
– Սեյրան Օհանյանին և Գագիկ Ծառուկյանին տեսնո՞ւմ եք այդ դաշինքում: Հնարավո՞ր է՝ նրանք էլ միանան «Համախմբմանը»:
– Մենք ի սկզբանե հայտարարում էինք, որ որևէ բան չենք բացառում: Սեյրան Օհանյանի հետ հանդիպում-քննարկումների մասին պարոն Օսկանյանը հայտարարել էր շատ վաղուց: Այդ հանդիպումները եղել են և շարունակվել են: Հանդիպումներ շատերի հետ են եղել: Պարզապես նախընտրական շրջանում կոռեկտ չի լինի այն ուժերի անունը հրապարակել, որոնց հետ հնարավոր է՝ ինչ-որ բան չստացվի: Կհրապարակենք, երբ վերջնական կլինի, հիմա կազմվում է հայտարարությունների նախնական տեսքը և քաղաքական հենքը, ինչի շուրջ է ձևավորվում դաշինքը:
– Այսինքն՝ հիմնական պայքարը կլինի դաշինքների՞ մեջ:
– Ճիշտն ասած՝ դժվարանում եմ ասել, բայց կարծում եմ՝ շատ կլինեն դաշինքներ: Մենք ի սկզբանե ասում էինք, որ երկրում լուրջ փոփոխությունների հասնելու համար հասարակական-քաղաքական ուժերի լայն համախմբում է պետք: Եվ հիմա եթե չի ստացվի, ենթադրենք, մեկ այլընտրանքային ուժ՝ իշխանությունից բացի, ապա ոչ թե կլինեն 10-15 կուսակցություն, այլ մի քանի դաշինքներ: Եվ դաշինքների ստեղծումը համարում եմ այդ դաշտից: Դաշինքների ստեղծումը շատ ճիշտ եմ համարում: Հասարակությանը կողմնորոշելու համար պետք է մի քանի քաղաքական միավոր մասնակցի, ոչ ավելի: Վանաձորի և Գյումրիի ՏԻՄ ընտրությունները դա ցույց տվեցին: Եվ ուրեմն, կարծում եմ, ճիշտը դաշինքներով մասնակցելն է և մաքսիմում լայն դաշինքով:
– Պարոն Մարգարյան, «Միացյալ Արմենիա» նախաձեռնության հիմնադիր Արթուր Ալեքսանյանը երկպալատ խորհրդարան ունենալու գաղափարն է առաջ քաշել, որին, ըստ նախաձեռնության անդամների, կողմ է Սեյրան Օհանյանը: Դուք կո՞ղմ եք երկպալատ խորհրդարան ունենալուն:
– Այս հարցը չի քննարկվել քաղաքական կոնսուլտացիաների ժամանակ, բայց իմ անձնական կարծիքն այն է, որ դա շատ բարդ մեխանիզմ է: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որպեսզի Սփյուռքը ներգրավվի Հայաստանի ներքին կյանքին, սա շատ կարևոր է: Մենք ունենք Սփյուռք, սփյուռքյան կազմակերպություններ, որոնք առայժմ չեն կարողացել լրջորեն ստանալ այն օգուտը, որը կարող էր Սփյուռքը տալ: Սփյուռքը մեծ ներուժ ունի, որը կարող է հօգուտ ՀՀ-ի օգտագործել: Մենք ծրագրում տեսնում ենք Սփյուռքի ներուժի օգտագործումը, որը մեր հաղթաթղթերից մեկն է, բայց ինչպիսի՝ դժվարանում եմ ասել: Երկպալատ խորհրդարանը իրենից ներկայացնում է բարդ կառույց և շատ լուրջ քննարկման կարիք ունի, բայց կրկնում եմ՝ ես համարում եմ, որ մենք Սփյուռքի ներուժը չնչին ձևով ենք օգտագործել, և Սփյուռքը միայն այն ուժը չէ, որ կարող է միայն գումար հավաքել:
– Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կա՞ն քննարկումներ, կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ:
– Ոչ, նրա հետ քննարկում չկա: Մենք հարգում ենք հանրապետության երկրորդ նախագահին, բայց նման քննարկում չի եղել: