Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու Ղրղըզստանի պետական մարմինների ներկայացուցիչները ստորագրել են փոխըմբռնման մասին 5 հուշագիր։
Դա տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին՝ Բիշքեկում, Իրանի ու Ղրղըզստանի նախագահներ Հասան Ռոհանիի ու Ալմազբեկ Աթամբաևի հանդիպման արդյունքներով։
Ստորագրված փաստաթղթերը նախատեսում են համագործակցություն տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների, առողջապահության ու բժշկության, սոցիալական, թմրանյութերի տարածման դեմ պայքարի ոլորտներում։
Ռոհանին Ղրղըզստան է ժամանել դեկտեմբերի 22-ին։ Դա տեղի է ունեցել նրա տարածաշրջանային այցի շրջանակներում, որի ժամանակ նա արդեն իսկ այցելել է Երևան ու Աստանա։
Աթամբաևը Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՇՀԿ-ին Իրանի միանալը կամրապնդի նրա հեղինակությունը։ Նա հավելել է, որ երկու երկրները հաջորդ տարի նշելու են երկկողմ հարաբերությունների հաստատման 25-ամյակը։
Ռոհանիի խոսքերով՝ այսօր ընդունվել է 10 տարվա համար (մինչև 2026 թվական) նախատեսված համագործակցության ռազմավարական ծրագիր, որի մանրամասները քննարկվել են 2015 թվականին Աթամբաևի իրանական այցի ժամանակ։