Իրանական Iran Air ազգային ավիաընկերությունը պայմանավորվել է Airbus կոնցեռնի հետ 100 ինքնաթիռի մատակարարման շուրջ։ Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը՝ այս մասին հայտարարել է Iran Air-ի գործադիր տնօրեն Ֆարհադ Փարվարեշը։
Իրանը, սակայն, կրճատել է պատվերը՝ բացառելով ցուցակից A380 մոդելի 12 ինքնաթիռ։ Դա կնվազեցնի գործարքի ընդհանուր արժեքը՝ 27 մլրդ դոլարից հասցնելով 10 մլրդ դոլարի։
Իրանն ավելի վաղ համաձայնագիր էր ստորագրել ամերիկյան արտադրող Boeing-ի հետ, որով 10 տարվա ընթացքում 80 ուղևորատար ինքնաթիռ կստանա։
Հաղորդվում է, որ Airbus-ի ներկայացուցիչները ներկայում գտնվում են Թեհրանում՝ գործարքի շուրջ բանակցությունների անցկացման նպատակով։