Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ԼՂ հակամարտության կարգավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը գոյություն չունի. Լևոն Տեր-Պետրոսյան

ԼՂ հակամարտության կարգավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը գոյություն չունի… Եթե չկա խաղաղություն, բարօրություն լինել չի կարող: Այդ մասին այսօր՝ ՀԱԿ համագումարում իր ելույթում ասել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Իմ վերջին հոդվածներից մեկում ես նշել էի, որ «Հայաստանի բոլոր չարիքների՝ սոցիալական ծանրագույն վիճակի, բնակչության աղքատության, զանգվածային արտագաղթի, բանակի թերզինվածության, ապօրինի ընտրությունների, արդարադատության չգոյության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման արմատը կոռուպցիան է՝ պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած ու անհագ թալանը» (iLur.am. 19.10.2016; «Չորրորդ իշխանություն». 20.10.2016)։ Սակայն սա այսբերգի միայն տեսանելի մասն է։ Անտեսանելին 1998 թվականից ի վեր Հայոց պետականաշինության հիմքում դրված քաղաքական փիլիսոփայությունն է, այլ կերպ ասած՝ Ղարաբաղյան ստատուս-քվոն պահպանելու և հարյուր տարի էլ շրջափակումների պայմաններում զարգանալու ռազմավարությունը։ Թե ժամանակին կանխատեսված ինչպիսի կործանարար հետևանքների է հասցրել այս փիլիսոփայությունը, կարծում եմ, ավելորդ է պարզաբանել։ Փաստն այն է, որ ժողովրդագրական, տնտեսական և ռազմական առումներով 1998 թվականին մենք ունեինք մի երկիր, իսկ այսօր ապրում ենք բոլորովին մի այլ երկրում։ Դա նշանակում է, որ այն կարևորագույն խնդիրը, որը շատ ավելի ուժեղ վիճակում կարող էինք լուծել 18 տարի առաջ, այժմ հարկադրված ենք լուծել անհամեմատ թուլացած վիճա-կում։ Իսկ մի քիչ էլ հապաղելու պարագայում անխուսափելիորեն կհայտնվենք սրանից վատթար դրության մեջ, կրկնելով 1920 թվականի արկածախնդրությունը, երբ, ձգտելով առավելագույն տարածքային ընդարձակման, կորցրինք Հայաստանի Հանրապետության ունեցած տարածքի մոտավորապես կեսը։

Թվում էր, թե 2008 թվականի տնտեսական ճգնաժամի դեռևս չհաղթահարված հետևանքները, արտագաղթի ահագնացող տեմպերը, վտանգավոր չափերի հասած պետական պարտքը, դրա հետ կապված դեֆոլտի սպառնալիքը և մանավանդ ապրիլյան պատերազմի առաջացրած ցնցումը սթափեցնող ազդեցու-թյուն կունենան Հայաստանի իշխանությունների վրա՝ նրանց ստիպելով արմատապես վերանայել Ղարաբաղի հարցում իրենց որդեգրած ապակառուցողական, աղետաբեր քաղաքականությունը, և նշված մարտահրավերները դիմագրավելու բոլորովին այլ ռազմավարություն մշակել։ Սակայն դատելով վարչախմբի արձագանքից, կարծես թե, այս հարցում էլ մեզ հիասթափություն է սպասում, քանի որ ակնկալված ռացիոնալ քայլերի փոխարեն, նա հրապարակ է նետել մի նոր անհեթեթ գաղափա-րախոսություն, որը կրկին մեզ դեպի փակուղի է առաջնորդում, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Խոսքը վերաբերում է «ազգ-բանակ» ձևավորելու մտահղացմանը, որը ցավալիորեն տեղ է գտել անգամ նոր կառավարության ծրագրում։ Մի կողմ դնելով հարցի բարոյական կողմը, որը վերաբերում է որպես «ազգ-բանակի» կառուցման առաջին քայլը դիտվող նոր հարկատեսակի կիրառմանը, ես կանդրադառնամ միայն այդ հասկացության քաղաքական բովանդակությանը։

* * *

Դրա համար, սակայն, նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե իրականում ինչ է թաքնված տվյալ հասկացության տակ։ Ամազոնուհիներին չհաշված, պատմությանը հայտնի է «ազգ-բանակի» ստեղծման երեք հաջողված դեպք՝ առաջին երկուսը միջնադարյան Մոնղոլիայում և Շվեյցարիայում, իսկ երրորդը՝ ժամանակակից Իսրայելում, նկատի առնելով, անշուշտ, որ միջնադարի պարագայում «ազգ» բառն օգտագործվում է պայմանականորեն։ Երևույթի մասին տարրական պատկերացում կազմելու համար, կարծում եմ, արժե թեկուզ համառոտակի անդրադառնալ նշված դեպքերից յուրաքանչյուրին։

XIII դարի սկզբին Չինգիզխանը, զենքի ուժով միավորելով միմյանց դեմ դարերով մարտնչած մոնղոլական տասնյակ ցեղերին, միջցեղային հարաբերությունների ավանդական համակարգը փոխարինեց բանակային կուռ կառուցվածքով։ Բոլոր տղամարդիկ զորակոչվեցին բանակ՝ հերթագայությամբ ծառայելով տասնյակներից, հարյուրյակներից, հազարյակներից ու տասհազարյակներից (թուման) կազմված նրա ստորաբաժանումներում։ Դա մի կողմից արթնացրեց մոնղոլների «ազգային» ընդհանրության գիտակցությունը, մյուս կողմից՝ հնարավորություն ընձեռեց ստեղծելու մի այնպիսի ահեղ զինական ուժ, որի շնորհիվ այդ փոքրաթիվ ժողովուրդը կարճ ժամանակի ընթացքում կերտեց աշխարհի ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը, տիրելով Խաղաղ օվկիանոսից մինչև Լեհաստան ու Անատոլիա ընկած և իրենից գրեթե 200 անգամ ավելի բնակչություն ունեցող տարածքին։ Այդ հսկայածավալ կայսրությունը, սակայն, գոյատևեց ընդամենը հինգ-վեց տասնամյակ, Կուբիլայ Մեծ խանի մահվան տարում (1294թ.) բաժանվելով չորս մասի՝ նվաճումների դադարումից հետո մոնղոլների ռազմական էներգիայի սպառման, կայսրությունը միավորող գաղափարախոսություն ձևավորելու անկարողության և գլխավորապես մոնղոլ ժողովրդի փոքրաքանակության պատճառով։

Ինչպես նշվեց, «ազգ-բանակի» ձևավորման հաջորդ հաջողված փորձը շվեյցարականն է, որի դրդապատճառներն ու հետապնդած նպատակները, սակայն, տարբերվում են մոնղոլականից։ Եթե մոնղոլների պարագայում դա ուղղված էր իրենց նվաճողական նկրտումներին հագուրդ տալուն, ապա շվեյցարացիների մոտ թելադրված էր թշնամական միջավայրում սեփական երկրի գոյատևումն ապահովելու պահանջից։ Գերմանա-ֆրանսա-իտալական խառը բնակչություն ունեցող ալպյան հովիտների ավատատիրական իշխանությունները շվեյցարական դաշնության ձևավորման ավելի քան հինգհարյուր տարիների ընթացքում (1291–1815 թթ.), հարկադրված լինելով դիմագրավելու ահեղ հարևանների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրիայի շարունակական հարձակումները, ապավինել են բացառապես սեփական ուժերին և մարտունակ բանակի կերտումը դիտել որպես ազգային գերխնդիր։ Ու թեև վերջին 200 տարիներին Շվեյցարիան, օժտված լինելով չեզոք երկրի կարգավիճակով, արտաքին վտանգների չի ենթարկվել, և ևրոպական մայրցամաքում տեղի ունեցած բոլոր, այդ թվում, առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները շրջանցել են նրան, ավանդույթի ուժով, այսօր էլ բանակը մնում է շվեյցարացիների համազգային հոգածության առարկան, որում զորակոչվածի, պայմանագրային ծառայողի, կամավորի և պահեստազորայինի հանգամանքով ներգրավված են 18-ից 50 տարեկան բոլոր առողջ տղամարդիկ։ Պատահական չէ, որ ոմանց կողմից Շվեյցարիան, մեկ շնչին ընկնող զինվորականների թվով, համարվում է աշխարհի ամենառազմականացված պետությունը, որն ի վիճակի է, փայլուն պատրաստված պահեստազորի մոբիլիզացիայի շնորհիվ, մեկ-երկու օրում տասնապատկել իր զինված ուժերի թվաքանակը։

Քանի որ «ազգ-բանակ» գաղափարի հայ ջատագովներն ընդօրինակման առարկա են համարում իսրայելյան փորձը, հարկ է առաջանում դրան անդրադառնալ մի փոքր ավելի մանրամասնորեն։ «Ազգ-բանակի» իսրայելյան ծրագրի իրականացման դրդապատճառն, ըստ էության, չի տարբերվում շվեյցարականից, թելադրված լինելով թշնամական միջավայրում ժողովրդի անվտանգությունն ու պետության գոյատևումն ապահովելու միևնույն պարտադրանքից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1947թ. նոյեմբերի 29-ի բանաձևի հիման վրա Պաղեստինը բաժանվեց երկու հավասար մասի՝ տասնչորսհազարական քառակուսի կիլոմետր տարածքներով։ Իսրայելը ճանաչեց այդ բանաձևը և Պա-ղեստինում բրիտանական մանդատի ժամկետի սպառման օրը, 1948թ. մայիսի 14-ին, հռչակեց իր անկախությունը։ Պաղեստինցի արաբներն ու արաբական երկրները հրաժարվեցին ենթարկվել ՄԱԿ-ի բանաձևին և հաջորդ օրն իսկ պատերազմ հայտարարեցին Իսրայելին, սակայն ջախջախիչ պարտություն կրելով, հարկադրված զինադադար կնքեցին։ Այսպիսով, անխտիր բոլոր հարևան արաբական պետություններից համակեցության մերժում ստանալով, Իսրայելն, իր գոյությունը պահպանելու համար, ստիպված եղավ բացառապես ապավինել սեփական ռազմական ուժին և հնարավորինս հզորացնել իր բանակը, ինչի շնորհիվ կարողացավ հաղթանակներ տանել նաև հետագա պատերազմներում։ Արաբա-իսրայելյան հակամարտության մթնոլորտն արմատապես բարելավվեց 1978–1979 թթ. Քեմփ-Դեվիդյան համաձայնագրերի ստորագրումից և Եգիպտոսի ու Հորդանանի հետ Իսրայելի կնքած հաշտության պայմանագրերի վավերացումից հետո։ Իսկ 1993 թվականին Իսրայելի պետությունը ճանաչվեց նաև Պաղեստինի Ազատագրության կազմակերպության (PLO) կողմից, ինչը սկիզբ դրեց Իսրայելա-Պաղեստինյան հաշտության գործընթացին, որը մինչ օրս դեռ չի ավարտվել։ Հարկ է ավելացնել, որ գոյապահպանության և երկրի անվտանգության ապահովման գլխավոր առաքելության իրականացումից բացի, իսրայելական բանակաշինության ծրագիրը կողմնակիորեն նպաստել է նաև ազգային մի քանի այլ խնդիրների լուծմանը, մասնավորապես, բազմաթիվ երկրներից ներգաղթած տարալեզու ու տարամշակույթ քաղաքացիների խայտաբղետ զանգվածից ընդհանուր լեզվով ու մշակույթով միասնացած ժամանակակից ազգի ձևավորման, գիտության և տեխնիկական մտքի սրընթաց զարգացման, ինչպես նաև ռազմա-արդյունաբերական համալիրում ներդրվող նոր տեխնոլոգիաները տնտեսության զանազան ոլորտներում կիրառելու առումներով։ Իսրայելական զինված ուժերի առանձնահատուկ դերի արտահայտությունն է նաև այն, որ զինապարտությունը տարածվում է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց վրա և, որ այդ երկրի վերջին վաթսուն տարիների ութ վարչապետերից երեքը (Ռաբին, Շարոն, Բարաք) եղել են գեներալներ, իսկ երկուսը (Բեգին, Շամիր)՝ երկրապահական «Իրգուն» կազմակերպության լեգենդար հրամանատարներ։

Ժամանակի սղությունը թույլ չի տալիս ավելի հիմնավորապես լուսաբանել «ազգ-բանակի» ստեղծման պատմական այս նախադեպերը և խորանալ դրանցից յուրաքանչյուրի բովանդակության առանձնահատկությունների, տնտեսական, ժողովրդագրական և հասարակական զարգացումների վրա նրանց ունեցած ազդեցության և այլ հարցերի մեջ։ Կարծում եմ, սակայն, որ այս թռուցիկ ակնարկն անգամ հստակ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպիսի դրդապատճառներ ու գործոններ են ազդել նման գաղափարի հղացման վրա, և որքան ռեսուրսներ են պահանջվել դրա իրականացման համար, նկատի ունենալով, անշուշտ, թե՛ մարդկային, և թե՛ նյութա-տնտեսական ռեսուրսները։ Դրդապատճառների վերաբերյալ, ինչ որ պետք էր, արդեն ասվեց։ Իսկ ռեսուրսների մասին ավելորդ է խոսել, որովհետև քանի խոսքը վերաբերում է հաջողված փորձերին, նշանակում է, դրա համար անհրաժեշտ ռեսուրսները լիուլի բավարարել են։

* * *

Ներածական այս հիմնադրույթներից բնականաբար բխում է, որ «ազգ-բանակի» կառուցման հայկական տարբերակի ճարտարապետները պարտավոր են, առաջին հերթին, պատասխանել հետևյալ երեք հարցերին. ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված այդ ծրագիրը, ի՞նչ խնդրի լուծմանն է կոչված այն, և որքա՞ն ռեսուրսներ են պահանջվելու նրա իրականացման համար։ Խախտելով հարցերի հաջորդականությունը, նախ անդրադառնանք ռեսուրսներին։ Ի տարբերություն, որպես օրինակ բերվող, Իսրայելի, որի հրեա բնակչության թվաքանակը անկախությունից ի վեր անշեղորեն աճել և 600 հազարից այսօր հասել է շուրջ 7 միլիոնի, Հայաստանի բնակչությունը 1988թ. երկրաշարժից ու խորհրդային փակ սահմանների փլուզումից հետո անընդհատ նվազել է՝ մի գործընթաց, որն այս պահին էլ դադարելու կամ թեկուզ դանդաղելու որևէ միտում չի դրսևորում։ Մարդկային ռեսուրսների առումով Հայաստանի իշխանությունները մեծ հույսեր են կապում Սփյուռքի հետ։ Ինքս սփյուռքահայ լինելով, ինձ իրավունք եմ վերապահում ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ այդ ակնկալիքը բացարձակ ցնորք է և ինքնախաբեություն։ Բավական է հիշեցնել, որ 1990-ականների եռամյա պատերազմին մասնակցել է ընդամենը 12 սփյուռքահայ։ Այդ թիվը ժամանակին ցավով հրապարակել է ոչ այլ ոք, քան պատերազմի բոլոր մանրամասներին տիրապետող Վազգեն Սարգսյանը։

Ինչ վերաբերում է նյութական ռեսուրսներին, ապա այստեղ էլ պատկերը նույնքան տխուր է, որքան մարդկային ռեսուրսների պարագայում։ Հայաստանի տնտեսությունը, 1994–2008 թվականների որոշ վերելքից հետո սոսկալի անկում է ապրում, ընդ որում, ցավոք, առանց առողջացման որևէ հեռանկարի։ Ինչպես ասում են՝ թունելի վերջում լույս չի երևում։ Դա ամենևին չի նշանակում, թե Հայաստանում ազգային հարստություն չի ստեղծվում։ Անշուշտ ստեղծվում է, բայց 2001 թվականից ի վեր, բարձր-աստիճան պաշտոնյաների կողմից դրա անխնա թալանի պատճառով ծախսվում է սեփական բիզնեսների զարգացման, շքեղ ապարանքների կառուցման և Աֆրիկայում առյուծի որսով զբաղվելու վրա, իսկ մնացյալ գումարը կուտակվում է արտասահմանյան բանկերում։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ ծավալի թալանի մասին է խոսքը, նշեմ, որ այն միանգամայն բավարար էր այսօր 300000 բնակչությամբ Ղարաբաղ և գերժամանակակից զինատեսակներով հագեցած բանակ ունենալու համար։ Եթե Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը ողբալի չլիներ, ապա իշխանությունները, զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքների կարիքները հոգալու համար, ոչ մի այլ պարագայում չէին ընդունի ժողովրդից 1000-ական դրամ մուրալու խայտառակ օրենքը, ինչը, առաջին իսկ քայլով «ազգ-բանակ» գաղափարը վարկաբեկելուց բացի, ծանր հարված հասցրեց պետության արժանապատվությանը, մեզ ծաղրի առարկա դարձնելով աշխարհի առջև։ Նյութական ռեսուրսների առումով ևս առանձնապես հույս չպետք է դնել Սփյուռքի էական աջակցության վրա։ Նախ՝ Սփյուռքն ինչո՞ւ պիտի օգնի Հայաստանին, որի հարստությունը թալանվում է սեփական իշխանավորների կողմից, և երկրորդ՝ երախտագիտությամբ գնահատելով հանդերձ սփյուռքահայ բարերարների և հասարակ ժողովրդի կողմից անկախության շրջանում Հայաստանին ցուցաբերված մարդասիրական օգնությունը, չպետք է մոռանալ, որ այն երբեք չի գերազանցել մեր երկրի տարեկան բյուջեի երկու-երեք տոկոսը։ Իսկ սա, եկեք համաձայնենք, չնչին նպաստ է մի այնպիսի ծախսատար ծրագրի իրականացման գործին, ինչպիսին «ազգ-բանակի» կառուցումն է։ Անգամ եթե Հայաստանի ողջ տարեկան բյուջեն տրամադրվեր այդ ծրագրի իրականացմանը, դա նույնպես անբավարար կլիներ։

* * *

Այժմ անցնենք այն հարցին, թե ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված «ազգ-բանակի» կառուցման հայկական ծրագիրը կամ, թե ո՞րն է դրա հղացման դրդապատճառը։ Ինչպես տեսանք, մոնղոլների պարագայում դրդապատճառը այլ երկրներ նվաճելու նրանց ձգտումն էր, իսկ միջնադարյան Շվեյցարիայի և ժամանակակից Իսրայելի դեպքերում՝ թշնամական միջավայրում սեփական ժողովուրդների անվտանգությունն ու պետականության գոյատևումն ապահովելու խնդիրը։ Հայ ժողովրդի նվաճողական նկրտումների մասին ծիծաղելի է խոսել, եթե, իհարկե, նկատի չունենանք Բաքուն գրավելու, Արևմտյան Հայաստանն ազատագրելու և ծովից-ծով Հայաստան ստեղծելու ցնորամիտ անուրջները։ Ինչ վերաբերում է «ազգ-բանակի» ստեղծման հարցում անվտանգության ու գոյատևման անհրաժեշտությունից բխող պարտադրանքին, ապա շվեյցարական փորձը պետք է լիովին զանց առնել, որովհետև միջնադարն ավարտվել է, և պետությունների հարաբերություններն այսօր կարգավորվում են միջազգային իրավունքի բոլորովին այլ սկզբունքներով։ Թվում է, թե այս տեսակետից Հայաստանի խնդիրները համեմատելի են Իսրայելի խնդիրների հետ։ Իրոք համեմատելի են, սակայն լուրջ վերապահումներով։

Նշվեց արդեն, որ արաբա-իսրայելյան տևական առճակատման հիմքը միջազգային իրավունքին հակասող այն իրողությունն է, որ արաբական երկրները հրաժարվեցին ենթարկվել Պաղեստինի բաժանման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947թ. նոյեմբերի 29-ի ընդունած բանաձևին և Իսրայելի ան-կախության հռչակման հաջորդ օրը պատերազմ հայտարարեցին վերջինիս։ Իսրայելին, հետևաբար, այլ բան չէր մնում, քան ապավինել սեփական ուժերին և ձեռնամուխ լինել «ազգ-բանակի» կառուցման գործին։ Այսինքն Իսրայելը ոչ թե կամովին է հանգել այդ մտքին, այլ իսկզբանե պարտադրված է եղել դիմելու նման բացառիկ քայլի։ Ի դեպ, Եգիպտոսի ու Հորդանանի հետ հաշտության պայմանագրերի կնքումից և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անգամ այդ պարտադրանքը չի վերացել, քանի որ 21 արաբական և իսլամական պետություններ, ՄԱԿ-ի կանոնադրության ոգուն հակառակ, այդպես էլ մինչ օրս Իսրայելի հանրապետությունը չեն ճանաչել, ինչը լրջագույն մտահոգության առարկա է շարունակում մնալ վերջինիս համար։

Իսկ այժմ տեսնենք, թե, անգամ բավարար ռեսուրսների առկայության պարագայում, ինչն է Հայաստանին ստիպում ընթանալ Իսրայելի որդեգրած ճանապարհով։ Ի տարբերություն Իսրայելի, Հայաստանը ճանաչված է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, բացառությամբ Պակիստանի։ Սահմանակից հարևաններից միայն երկուսի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ է, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի։ Մյուս երկու հարևանների՝ Վրաստանի ու Իրանի հետ իսկզբանե հաստատված են ջերմ բարեկամական հարաբերություններ, որոնք փոխշահավետության և աշխարհաքաղաքական նկատառումներով, ոչ միայն բնավ խաթարելի չեն, այլև խորացման ու ավելի արդյունավետ համագործակցության հեռանկար են ցուցանում։ Անկախությունից ի վեր Իսրայելը վեց լայնածավալ պա-տերազմներ է մղել իր չորս հարևանների՝ Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի ու Լիբանանի դեմ (1948, 1956, 1967, 1973, 1982, 2006 թթ.), չհաշված Իրաքի միջուկային կենտրոնին հասցված օդային հուժկու հարվածը (1981թ.)։ Մինչդեռ Հայաստանը սահմանային ռազմական առճակատման մեջ է գտնվել միայն հարե-ւաններից մեկի՝ Ադրբեջանի հետ։ Այս առումով, իմիջիայլոց, տեղին է նշել, որ ներկայիս Հայաստանի վիճակը տարբերվում է ոչ միայն Իսրայելի, այլև Հայաստանի առաջին հանրապետության վիճակից, որն իր գոյության երկուսուկես տարիների ընթացքում պատերազմել է իր չորս հարևաններից երեքի՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ։

Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակասությունների վերացումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը կախված են ընդամենը մեկ հարցի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, որին մանրամասն կանդրադառնամ քիչ հետո։ Չպետք է անկարևոր համարել այն իրողությունը, որ հակառակ այդ հարցում Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի ցուցաբերած անվերապահ քաղաքական աջակցությանը, վերջինս, շրջափակումից բացի, Հայաստանի դեմ որևէ այլ թշնամական գործողություն չի ձեռնարկել և ոչնչով չի կարողացել խանգարել Ղարաբաղի տարածքային ընդարձակմանը։ Ավելին, գուցե պարադոքսալ հնչի, ցուցադրական աջակցությամբ մեծ հույսեր ներշնչելով ու դրանով անզիջողականության մղելով Ադրբեջանին, Թուրքիան որոշ առումով նույնիսկ նպաստել է արցախյան բանակի արձանագրած հաջողություններին։ Եթե, հակամարտության հարցում կողմերից մեկին աջակցելու փոխարեն, նա չեզո-քություն պահպաներ ու դրանով Ադրբեջանին անզիջողականության չդրդեր, ապա Քելբաջարից հետո վերջինս չէր կորցնի իր տարածքի հավելյալ հինգ շրջանները։ Թուրքիայի ապակառուցողական միջամտությունն, այսպիսով, ոչ թե թուլացրել, այլ ավելի ևս սրել է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված լարվածությունը։

Ինչևիցե, վերոշարադրյալից ակնհայտորեն հետևում է, որ Հայաստանը զերծ է իր գոյությանն սպառնացող գրեթե բոլոր այն արտաքին վտանգներից, որոնք անկախության ավելի քան քառասուն տարիներին սպառնացել են Իսրայելին և այսօր էլ դեռ շարունակում են սպառնալիք մնալ։ Հետևաբար, մեր երկիրը, անշուշտ ուշադրության կենտրոնում պահելով ազգային բանակի հզորացման անհրաժեշտությունը, ամենևին պարտադրված չէ հետևելու «ազգ-բանակի» կառուցման իսրայելյան օրինակին։ Արաբական և իսլամական աշխարհի հետ Իսրայելի ունեցած խնդիրների համեմատությամբ, Հայաստանի ու Ղարաբաղի խնդիրները շատ ավելի լոկալ ու լուծելի են։ Այդ պատճառով է, մասնավորապես, որ միջազգային հանրությունը դրանք առայժմ առաջնահերթություն չի դիտում։ Այս ամենից բացի, Իսրայելյան փորձի ընդօրինակումը խոցելի է նաև մի այլ՝ մեթոդաբանական առումով։ Ամենևին պարտադիր չէ, որ որևէ երկրում կիրառված արդյունավետ համակարգը կիրառելի լինի նաև ուրիշ երկրներում։ Չինական տնտեսական բարեփոխումների հրաշքն, օրինակ, կարող էր տեղի ունենալ միայն Չինաստանում։

Մի խոսքով, մեր պարագայում «ազգ-բանակի» կառուցման ծրագիրը ձախորդ, չմտածված, վտանգավոր ծրագիր է, որի միակ արդյունքը լինելու է արտագաղթի խթանումը և Հայաստանի ու Ղարաբաղի վերջնական հայաթափումը։ Տպավորություն է ստեղծվում, որ վարչախումբը մտադիր է «ազգ-բանակ» ծրագիրն իրականացնել նրա բաղադրիչներից մեկի՝ ազգի վերացման գնով։ Այսինքն՝ որոշ ժամանակ անց մենք գուցե հզոր բանակ ունենանք, բայց հարց է՝ ազգ մնացած կլինի, թե՞ ոչ։

* * *

Բնականաբար հարց է առաջանում. եթե, ինչպես տեսանք, Հայաստանն իր անվտանգ գոյությունը պահպանելու համար պարտադրված չէ դիմելու «ազգ-բանակի» ստեղծման ծայրահեղ քայլին, ապա այդ խնդիրն իր առջև դնելով, ի՞նչ նպատակ է հետապնդում մեր երկրի իշխանությունը։ Կարելի է, իհարկե, մտածել, և այդպես մտածողներ կան, որ «ազգ-բանակ» գաղափարի առաջքաշումը իշխող կուսակցության հերթական հայրենասիրախաղերից կամ նախընտրական փուչ կարգախոսներից մեկն է՝ «ազգովի դառնանք ֆիդայի», «համաշխարհային ազգ», «ազգ-կազմակերպություն», «ծովից-ծով Հայաստան», «Քուռ-Արաքսյան հանրապետություն», «ոչ մի թիզ հող», «համահայկական բանկ», «Գյումրին՝ տեխնոպարկ», «Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն», «Ստամբուլը՝ արյան ծով» հեքիաթների շարքից։ Եթե այդպես է, ուրեմն «ազգ-բանակի» գաղափարն այնքան էլ վտանգավոր չէ, որովհետև նախորդ փուչիկների պես շուտով կպայթի։

Իսկ եթե վարչախմբի մտադրությունն այս անգամ լուրջ է, ապա անհրաժեշտ է հարցին անդրադառնալ նույնքան լրջորեն։ Շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ այդ գաղափարը ստատուս-քվոյի պահպանման միևնույն ռազմավարությունն է՝ մատուցված ուրիշ փաթեթավորումով։ Այսինքն, մեր իշխանությանը հոգեհարազատ մարկետինգի տրամաբանությամբ՝ իր սնանկությունն ապացուցած, բարոյապես մաշված և սպառողին ձանձրացրած բրենդը փոխարինվել է մի այլ, ավելի գրավիչ ու բարեհունչ բրենդով։ Այլ կերպ ասած, դաս չքաղելով անցած 18 տարիների դառը փորձից, վարչախումբը որոշել է շարունակել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ առճակատման տխրահռչակ քաղաքականությունը, որն այս կարճ ժամանակամիջոցում արդեն իսկ տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ու բարոյահոգեբանական բազում ավերներ է գործել Հայաստանում և Ղարաբաղում։ Դա նշանակում է առնվազն ևս 18 տարի ենթարկվել այդ ավերներին, մինչև Հայաստանից ու Ղարաբաղից բան չմնա, և խնդիրն ինքնըստինքյան կորցնի իր ակտուալությունը։

Բազմիցս է ասվել, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման գլխավոր երաշխիքը Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է։ Պարզվում է, սակայն, որ այս տարրական ճշմարտու-թյունն ըմբռնելու համար 18 տարին էլ չի բավականացրել մեր իշխանություններին։ Իրականում խնդիրը մեկն է՝ Ղարաբաղի հարցի լուծումը, որից հետո հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն ինքնաբերաբար։ Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբե-րակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։

Արդի աշխարհում նվաճողի միջնադարյան իրավունքն ու ջունգլիների օրենքն այլևս չեն գործում, և հակամարտությունների կարգավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը, գոյություն չունի։ Բանկօտտոմանյան կամ ոչմիթիզական մտածողություն ունեցող մեր անզիջողականների կողմից շատ սիրված Իսրայելի օրինակը նույնպես դա է ապացուցում։ Քեմփ-Դեվիդյան հաշտությունը կայացնելու համար վերջինս Եգիպտոսին վերադարձրեց շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետր զբաղեցնող Սինայի թերակղզին, իսկ Պաղեստինի Ազատագրության կազմակերպության կողմից իր պետությունը ճանաչելու դիմաց լիակատար ինքնավարություն շնորհեց արաբական Պաղեստինին, պատրաստ լինելով, որոշ խնդիրների լուծումից հետո, ճանաչել նաև նրա անկախությունը։ Դրանք դժվարին, ցավոտ փոխզիջումներ էին, հանուն որոնց կայացման Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը և Իսրայելի վարչապետ Իցխակ Ռաբինը նույնիսկ կյանքով հատուցեցին։ Այնպես որ, եթե անհրաժեշտություն կա անպայման օրինակ վերցնելու Իսրայելից, ապա պետք է վերցնել ոչ թե «ազգ-բանակի», այլ «խաղաղություն այժմ (Peace now)» շարժման օրինակը։ Հակամարտությունների փոխզիջումային կարգավորման կանոնը «թույլատրված է» խախտել միայն գերտերություններին։ Այդ բանը չգիտակցող Սադդամ Հուսեյնը, զավթելով Քուվեյթը, կործանեց թե՛ իրեն, թե՛ իր երկիրը։

«Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը, ապացուցված պատմական անթիվ օրինակներով, վիճարկելի չէ։ Կարիք չկա նաև բացատրելու, թե ինչպիսի ողբերգական հետևանքներ են ունենում պատերազմները։ Ոչ իսկ բուն պատերազմը, այլև նրա սպառնալիքն անգամ հղի է այդպիսի հետևանք-ներով, որոնցից ամենացցունը զանգվածային արտագաղթն է։ Հայաստանը բնակչութչունից դատարկվում է ոչ այնքան սոցիալական ծանր պայմանների, աղքատության, արդարության բացակայության և կոռուպցիայի, որքան պատերազմի վերսկսման տևական վտանգի պատճառով։ Սա միայն մեզ հատուկ երևույթ չէ, և այդ առթիվ ամենևին չպետք է բարդույթավորվել։ Մեր աչքի առջև, վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում, պատերազմի կամ դրա սպառնալիքի պատճառով միլիոնավոր մարդիկ են արտագաղթել նաև Վրաստանից, Ադրբեջանից, Իրաքից, Լիբանանից, Սիրիայից, Աֆղանստանից, Սուդանից, Ուկրաինայից և մի շարք այլ երկրներից։

* * *

Ղարաբաղյան հակամարտության այն հանգուցալուծմանը, որին Հայաստանը առավելագույն ջանքերի գնով կարող է հասնել ներկայումս, շատ ավելի շահեկան պայմաններով մենք կարող էինք հասնել դեռևս 1998 թվականին։ Եթե դա տեղի ունեցած լիներ, ապա ոչ միայն կխուսափեինք անցած տասնութ տարիների անտեղի տառապանքներից ու կորուստներից, այլև այսօր կունենայինք բոլորովին մի այլ՝ ծաղկուն, մարդաշատ, զարգացող երկիր և ապահով Ղարաբաղ։ Ցավում եմ, որ այս պարզ ճշմարտությունները ժամանակին չհասկացվեցին իմ որոշ գործընկերների կողմից, և մենք կորցրեցինք հարցի լուծման հարմա-րագույն պահը։ Հուսով եմ, որ այս պնդումը կընկալեք ոչ թե որպես ոմանց ուղղված կշտամբանք, այլ որպես զգուշացում առ այն, որ եթե նորից ժամանակ կորցնենք, հետագայում ստիպված ենք լինելու հարցը լուծել ավելի վատ պայմաններով ու շատ ավելի թույլ վիճակում։ 1998 թվականի իշխանափոխության կոր-ծանարար հետևանքների պատճառը պետք է փնտրել ոչ թե գործող անձանց փոփոխության, այլ քաղաքականության շարունակականության խաթարման մեջ։

Անցյալը մի կողմ դրած, ակնհայտ է, որ այսօր մենք կրկին կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հերթական պահը բաց չթողնելու հրամայականի առջև, ինչի վկայությունն են, մասնավորապես, վերջին շրջանում այդ ուղղությամբ Ռուսաստանի գործադրած լուրջ ջանքերը։ Մի առիթով ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, և նրա այդ ջանքերն, արդ, գալիս են ապացուցելու տվյալ պնդման ճշմարտացիությունը։ Ընդ որում, Արևմուտքը ևս, որի առաջնահերթությունների շարքում, ինչպես նշվեց, Ղարաբաղյան կարգավորումը տեղ չի գրավում, վստահաբար, ոչ միայն գիտակցում, այլև գնահատում է Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարությունն այդ հարցում։

Հայ Ազգային Կոնգրեսը, իր նախորդի՝ Հայոց Համազգային Շարժման պես, Հայաստանի միակ կուսակցությունն է, որը ոչ միայն երբեք չի թաքցրել, այլև բազմիցս հրապարակավ հայտարարել է փոխզիջման և խաղաղության կողմնակցի իր դավանանքը։ Հետևաբար, ոչ միայն սկզբունքի տեսակետից, այլև իրավիճակի թելադրանքով Կոնգրեսն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցի սպառազինությունների մրցավազքի դադարեցման, նոր պատերազմի վտանգի բացառման, Ղարաբաղի հարցի լուծման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կառուցողական ծրագրով, որը բխում է ոչ թե մեր կուսակցության, այլ բացառապես Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի կենսական շահերից։ Այդ ծրագիրը, բնականաբար, հնարավոր է իրականացնել միայն ընտրություններում Կոնգրեսի հաղթանակի կամ Ազգային Ժողովում պատկառելի ներկայություն ունենալու պարագայում։

Սակայն, քանի որ ընտրությունները դեռ հեռու են ու դրանից հետո էլ, մինչև 2018թ. ապրիլը, Հայաստանում պահպանվելու է նախագահական համակարգը, անհրաժեշտ է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ Ղարաբաղի հարցի լուծման պատասխանատվությունը ևս մեկուկես տարի դրված է լինելու Սերժ Սարգս-յանի վարչակազմի և նրա հենարանը հանդիսացող կուսակցությունների վրա։ Մյուս քաղաքական ուժերը, այդ թվում Հայ Ազգային Կոնգրեսը, առայժմ, կարծիք արտահայտելուց բացի, գործընթացի վրա ազդեցության որևէ այլ լծակ չունեն։ Դա չի նշանակում, անշուշտ, որ նրանք, եթե ոչ իրավական, ապա առ-նվազն բարոյական պատասխանատվություն չպետք է ստանձնեն և, ձեռքերը լվանալով, մի կողմ քաշվեն։ Մի այնպիսի համազգային խնդրի լուծման հարցում, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է, խաղաղության և հաշտության կողմնակից բոլոր կուսակցությունները, քաղաքացիական կազմակերպությունները և մտավորական խավերը պարտավոր են զորավիգ կանգնել օրվա իշխանություններին, անկախ նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից։ Արտաքին սպառնալիքի կամ ներքին կայունության խախտման վտանգի պարագայում մենք միշտ առաջնորդվել ենք այս սկզբունքով, ինչի վկայությունն է, մասնավորապես, հոկտեմբերի 27-ին, ապրիլյան պատերազմի ժամանակ և Սասնա ծռերի հետ կապված դեպքերի օրերին մեր դրսևորած դիրքորոշումը։

Մյուս քաղաքական ուժերը կա՛մ անզիջողականներ ու ոչմիթիզհողականներ են, կա՛մ էլ, այդպիսին չլինելով, ազգադավ կոչվելու վախից, չեն համարձակվում Ղարաբաղի հարցում դիրքորոշում արտահայտել։ Հակառակ այն հանգամանքին, որ ոչմիթիզհողականներից շատերը հողերի ձեռքբերման հետ որևէ կապ չեն ունեցել, իսկ որոշ մասը, Վարուժան Ավետիսյանի դիպուկ արտահայտությամբ, պարզապես զինվորի ու ազատամարտիկի արյան վրա ձեռք տաքացնողներ են, նրանց գոյությունն ամենևին արտառոց չպետք է համարել։ Այդպիսի ծայրահեղական ուժեր կան անգամ զարգացած ժողովրդավարական երկրներում, այդ թվում, սույն ելույթում բազմիցս հիշատակված Իսրայելում։ Արտառոցն ու ապշեցուցիչը Հանրապետական կուսակցության և կոալիցիոն կառավարության ներկայացուցիչների պահվածքն է։ Այդ կուսակցության ոչ մի անդամ և պետական ոչ մի պաշտոնյա, լղոզված ու կցկտուր խոսքերից բացի, երբևէ փոխզիջման վերաբերյալ հրապարակային հստակ հայտարարությամբ հանդես չեն եկել։ Հասարակությանը խաղաղության նախապատրաստելու և դրա ընդդիմախոսներին հակադարձելու գործում նրանք փաստորեն լքել, մենակ են թողել իրենց նախագահին։ Այնինչ դա պետք է լիներ ոչ թե Հայ Ազգային Կոնգրեսի, այլ առաջին հերթին, հենց իրենց գործը։ Պահն է, վերջապես, գիտակցելու, որ Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում հաջողության հասնելու համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է հանդես գալ ժողովրդի մեծամասնության, քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների աջակցությունը վայելող առաջնորդի, և ոչ թե սեփական երկրի ներսում լուրջ խնդիրներ ունեցող թույլ ղեկավարի հանգամանքով։ Իսկ դրա համար ոչ թե պետք է էժանագին «հայրենասիրական» հոխորտանքներով թևաթափ անել նրան, այլ, ընդհակառակը, խրախուսել կատարելու Ղարաբաղյան կարգավորման վճռական քայլը։ Այլապես, բանակցությունների ընթացքում նրա փաստարկների հետ ոչ ոք հաշվի չի նստի։

Ժողովուրդները, որպես կանոն, երախտագիտություն են հայտնում այն առաջնորդներին, ովքեր իրենց ոչ թե նույնիսկ հաղթական պատերազմ, այլ խաղաղություն են պարգևում։ Այս իրողությունը հատուկ է ոչ միայն ժամանակակից աշխարհին, այլև խորապես գիտակցվել է անգամ միջնադարում։ Որքան էլ միջնադարյան հեղինակները գովերգեին իրենց թագավորների կամ սուլթանների զինական առաքինություններն ու քաջագործությունները, նրանց կողմից, այդուհանդերձ, ավելի բարձր էին դասվում այն պետական այրերը, որոնք խաղաղություն և բարօրություն էին պարգևում իրենց ժողովուրդներին, թեկուզ դրանք նվաճված լինեին փոխզիջումների գնով։ Հայ իրականության մեջ այդ գաղափարը հստակորեն ձևակերպել են մանավանդ XI–XIII դարերի հռչակավոր մատենագիրներ Արիստակես Լաստիվերտցին և Հովհաննես Երզնկացին։ «Թագաւորաց օրէն է աշխարհի խաղաղութիւն և շինութիւն հոգալ»,– գրում է Լաստիվերտցին։ Ի դեպ, միջին պարսկերենից փոխառված հայերեն «շէն» և ասորերեն «šaynā» արմատներից ածանցյալ «շինութիւն» և «mšaynūta» բառերն ունեն երկու իմաստ՝ «խաղաղություն» և «բարօրություն», ինչը նշանակում է, որ ժողովրդական լեզվամտածողության մեջ այդ երկու գաղափարները բացարձակապես նույ-նացվել են, արտացոլելով այն ըմբռնումը, որ եթե չկա խաղաղություն, բարօրություն լինել չի կարող (մանրամասն տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները և հայերը, հտ. Բ, Երևան, 2007, էջ 28–29)։ Սերժ Սարգսյանին, արդ, մնում է հետևել մեր նախահայրերի իմաստությանը և անսալ ռացիոնալ քաղաքականության թելադրանքին, ինչը չի կարող ըստ արժանվույն չգնահատվել ժողովրդի կողմից։

* * *

Ելույթիս կապակցությամբ հնարավոր, ավելի ճիշտ, անխուսափելի չարախոսությունները կանխելու նպատակով, հարկադրված եմ նաև կատարել հետևյալ երկու զգուշացումները.

Առաջին. Արտաքին սպառնալիքների դիմակայման և ներքին կայունության ապահովման հարցերում իշխանություններին զորավիգ կանգնելու մեր սկզբունքային դիրքորոշումն ամենևին վարչախմբի հետ համագործակցություն չի նշանակում։ Մենք եղել ենք վերջինիս ամենախիստ, սկզբունքային ու հետևողա-կան քննադատն ու այսուհետև էլ չենք դադարելու այդպիսին լինել, կտրականապես բացառելով մաս կազմել հայ ժողովրդի գլխին անհամար աղետներ բերած Հանրապետական կուսակցության ձևավորած որևէ կոալիցիայի։ Գաղափարական, քաղաքական և բարոյական սկզբունքներով մենք միմյանցից բոլո-րովին տարբեր, հակոտնյա կուսակցություններ ենք, որոնց հարաբերությունները իշխանություն-ընդդիմություն ձևաչափից այն կողմ չեն կարող անցնել։

և երկրորդ. Ադրբեջանի ղեկավարությունը չարաչար սխալված կլինի, եթե այս ելույթի հաշտարար ոգին և հայ ժողովրդի խաղաղության ձգտումը թուլության նշան համարի ու ավելի ևս կոշտացնի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Ապրիլյան պատերազմը, կարծում եմ, նրան ապացուցած պետք է լինի վտանգի պահին հայ ժողովրդի միավորվելու ու ցանկացած ոտնձգության հուժկու հակահարված հասցնելու կարողությունը։ Սեփական նախաձեռնությամբ սանձազերծված հաջորդ պատերազմում, երբ էլ այն պատահի, Ադրբեջանը, հաստատաբար, դառը պարտություն կկրի ու ևս մի քանի շրջան կկորցնի։ Իսկ թե դրանից հետո ինչ տեղի կունենա, միայն Աստծուն է հայտնի։ Հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը, Իլհամ Ալիևին ես համարում եմ ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատման նաև սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղությամբ, ինչպես ժամանակին իմ «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածին ընդարձակ ելույթով ողջախոհաբար արձագանքեց իր հայրը՝ հանգուցյալ Հեյդար Ալիևը։

Պատկերացնում եմ, թե այս ելույթից հետո ինչպիսի վայնասուն է բարձրանալու Հայաստանի քաղաքական ու տեղեկատվական դաշտում։ Մեզ բախտ է վիճակվելու կրկին ականատես լինել տգիտության, կարճատեսության, պոռոտախոսության շքեղ մի տոնահանդեսի։ Մենք արժանանալու ենք բազմազան մաշված պիտակների, և արդեն որերորդ անգամ մեզ գամելու են անարգանքի սյունին, ի հաստատումն հայ քաղաքական մտքի օրիգինալությունը բնորոշող հետևյալ պարադոքսալ սիլլոգիզմի.

  1. Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել.
  2. Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ.
  3. Մասը պահողները հռչակվում են դավաճաններ. Ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ։

Ինչո՞ւ ենք, ուրեմն, մեր անցավ գլուխը փորձանքի տակ դնում։ — Որովհետև Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայող ուրիշ ուժ չկա։ Եթե մենք էլ մյուսների պես լռենք, ողջախոհության ճրագը մեր երկրում վերջնականապես կմարի։ Ուստի, անկախ այն բանից, թե մեզ ինչ պիտակներ կփակցնեն, ես Կոնգրեսին առաջարկում եմ խիզախաբար ընտրությունների գնալ «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» նշանաբանով։ Դա չի կարող հասկացողություն չգտնել ժողովրդի ճնշող մեծամասնության մոտ, որովհետև Հայաստանի ու Ղարաբաղի փրկության, ապահովության ու զարգացման այլ ճանապարհ գոյություն չունի։ Հեղինակավոր քաղաքագետների ու տնտեսագետների, այդ թվում, մեր հայրենակից Տարոն Աճեմյանի կողմից Հայաստանն արդեն իսկ դասվում է ձախողված պետությունների, այսինքն՝ Աֆղանստանի, Սոմալիի, Լիբիայի, Եմենի, Հարավային Սուդանի, Իրաքի և նմանատիպ այլ երկրների շարքին։ «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» նշանաբանի իրագործումը պատեհություն է ընձեռում կարճ ժամանակի ընթացքում դուրս գալու այդ դժբախտ ընկե-րակցությունից։ Հետևաբար, Հայաստանի ու Ղարաբաղի հանրապետություններն իրավունք չունեն բաց թողնելու այդ պատեհությունը։ Իսկ ինչ վերաբերում է Հայ Ազգային Կոնգրեսի տվյալ պահի մարտավարությանը, ապա, իմ կարծիքով, ցանկալի կլիներ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք մասնակցեինք այս նշանաբանի կամ քաղաքական պլատֆորմի շուրջ ձևավորված դաշինքով։ Այդպիսի դաշինք կազմելու ցանկություն հայտնող կուսակցությունների առջև մեր դռները պետք է բաց լինեն։

Ավարտելով խոսքս, Ղարաբաղյան կարգավորման հարցում Կոնգրեսի դիրքորոշումն ավելի հստակեցնելու համար, չխուսափելով որոշ կրկնություններից, հարկ եմ համարում շեշտել, որ այդ դիրքորոշումը հիմնված է հետևյալ առարկայական (օբյեկտիվ) ելակետերի վրա.

ա. Առանց այդ խնդրի լուծման Հայաստանը և Ղարաբաղը զրկված են ապահովության, զարգացման ու բարգավաճման որևէ հեռանկարից. տասնութ տարին քիչ ժամանակ չէր, այդ բանն ըմբռնելու համար։

բ. Այլ լուծում, քան այն, ինչ դրված է բանակցությունների սեղանին, գոյություն չունի։ Պահը բաց թողնելու դեպքում հաջորդ լուծումը մեզ համար ավելի վատն է լինելու։

գ. Կարգավորման արդյունքում կողմերն իրենց հաղթող կամ պարտվող չպետք է զգան, այլապես երկարաժամկետ կտրվածքով նրանց հարաբերությունները հղի կլինեն հակամարտության վերականգնման մշտական վտանգով։

դ. Հայ Ազգային Կոնգրեսը, ինչպես արդեն նշվեց, կարծիք արտահայտելուց բացի, կարգավորման գործընթացի վրա ազդեցության այլ լծակ չունի։

ե. Հարցի լուծման պատասխանատվությունն ամբողջապես ընկած է իշխող վարչախմբի և նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժերի վրա։ Ուզո՞ւմ են ականջալուր լինել մեր կարծիքին՝ շատ լավ, չե՞ն ուզում՝ մեղքը իրենց վիզը։

զ. Եթե մեր իշխանությունն ի զորու լինի հասնելու ավելի շահեկան, հաղթողական լուծման, մենք միայն կողջունենք դա և ներողություն կխնդրենք նրանցից։

է. Մենք հավասարապես ցավում ենք հակամարտության պատճառով ոչ միայն հայերի, այլև ադրբեջանցիների կրած անհամար տառապանքների համար և անկեղծորեն հավատում երկու ժողովուրդների խաղաղ համակեցությանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։

Ելույթս գուցե դառը ստացվեց, բայց իմ նպատակը ոչ թե մարդկանց վհատեցնելն էր, այլ, ընդհակառակը, ազգին ներկայիս հեղձուկ իրավիճակից հուսադրիչ ու արժանապատիվ ելք ցույց տալը՝ ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիխ Մխիթարյանն է»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում