Անհայտ ցանցահենները կարող էին 2013 թվականին գողանալ Yahoo-ի ծառայությունների ավելի քան 1 մլրդ օգտատերերի տվյալներ։ Այս մասին ասվում է համացանցային ընկերության կայքում հրապարակված հայտարարությունում։
«Քրեագետ-փորձագետների տվյալների վերլուծության հիման վրա մենք ենթադրում ենք, որ երրորդ կողմից 2013 թվականի օգոստոսին չարտոնված ներթափանցումը հանգեցրել է ավելի քան 1 մլրդ օգտահաշիվների հետ կապված տվյալների գողության»,-նշվում է հաղորդագրությունում։
Ընկերությունում նշում են, որ ցանցահենները հասանելիություն չեն ստացել բանկային քարտերի մասին տեղեկությունների։
Հայտնաբերված կոտրման հետ կապված՝ Yahoo-ն կոչ է արել իր օգտատերերին փոխել գաղտնաբառերը, ինչպես նաև հայտարարել է, որ համագործակցում է կիբերհարձակումը հետաքննող իրավապահ մարմինների հետ։