«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը թերահավատորեն է վերաբերվում Nabucco գազախողովակաշարի կառուցմանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մինասյանը, անդրադառնալով Nabucco-ի կառուցման դեպքում Ադրբեջանի ստանալիք տարածաշրջանային առավելություններին, նկատեց, որ Ադրբեջանում էլ միանշանակ չեն վերաբերում այս ծրագրին. «Կարծում եմ՝ ինչքան էլ Ադրբեջանը փորձի ցույց տալ, թե ոգևորված է Nabucco-ի կառուցմամբ, իրականում Ադրբեջանի ներսում բավական զգուշավորությամբ և նույնիսկ թերահավատությամբ են մոտենում այս խնդրին: Մասնավորապես` Nabucco-ի կառուցումն ադրբեջանական գազին մրցակից կդարձնի Թուրքմենստանի գազը»:
Նշենք, որ երեկ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզին տեղեկացրել է, որ հունիսի 6-ին Թուրքիայում տեղի կունենա Nabucco գազախողովակաշարի կառուցման մասնակից ընկերությունների կոնսորցիումի միջև համաձայնագրի ստորագրման արարողությունը։ Նա նշել է նաև, որ տարվա ընթացքում նախագծի հովանավորները կփորձեն նախագծին մասնակցության վերաբերյալ վերջնական պատասխան ստանալ ադրբեջանական կողմից։
Մինասյանը նկատեց, որ ներկայումս Ադրբեջանում լուրջ չեն վերաբերվում Nabucco գազամուղի կառուցմանը. «Գուցե առաջիկայում որոշակի փոփոխություններ լինեն, բայց ներկայումս հետաքրքրվածություն չկա»:
Մինասյանը նաև նկատեց, որ Nabucco-ի մասին մենք լսում ենք վերջին 5-6 տարիների ընթացքում, սակայն որևէ բան մինչ օրս չի փոխվել: