Քաղաքական ուժերը պատրաստվում են 2017թ. ընտրություններին: Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ՀԴԿ-ն ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին՝ առանձին, թե դաշինքով, նշեց. «Այս պահին մենք ուզում ենք ձևավորել դաշինք, որովհետև համոզված ենք, որ ոչ մի քաղաքական ուժ, անգամ իշխող քաղաքական ուժը ոչինչ չի կարող անել:
Արամ Սարգսյանի կարծիքով՝ ընդդիմության դաշտում հավանաբար կձևավորվեն 2-3 դաշինքներ: «Կարծում եմ, որ դա նորմալ երևույթ է: Մենք բավականին ինտենսիվ բանակցություններ ենք վարում այդ ուղղությամբ»:
ՀԴԿ ղեկավարի խոսքով՝ հիմնական խնդիրը այս համակարգից հրաժարվելը և նոր համակարգ ձևավորելն է: «Մենք համոզված ենք, որ այս համակարգը թույլ չի տալիս որ երկիրն իրական զարգացում ապրի, օլիգարխիկ համակարգը չի կարող թույլ տալ երկրի իրական զարգացումը: Ինչ կոսմետիկ փոփոխություն էլ անեն, չի ստացվի, սա ժողովրդի աչքերին թոզ փչել է: Նոր կառավարությունը գուցե մի փոքր կարողանա փոխել իրավիճակը, սակայն արմատական փոփոխություններ են անհրաժեշտ»:
Դիտարկմանը, որ հասարակության մոտ կար կարծիք, որ Արա Աբրահամյանը ևս կմասնակցի ընտրություններին և ՀԴԿ-ն կսատարի նրան, Ա. Սարգսյանը արձագանքեց. Արա Աբրահամյանը հայտարարել է, որ առողջական խնդիր ունի և երկարատև պետք է բացակայի հանրապետությունից, հիմնականում դա էր պատճառը, որ նա մուտք չգործեց քաղաքական դաշտ:
Անդրադառնալով հարցին, թե կա՞ն արդյոք քաղաքական ուժեր, որոնք կիսում են Հայաստանի դեմոկրատական կուսակցության մոտեցումները և տեսլականը, և որոնց հետ կհամագործակցի կուսակցությունը, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Անուններ չեմ նշի, քանի որ դեռևս որոշում չի կայացվել, երկկողմ որոշումներ պետք է ընդունվեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: